Հազարավոր պաղեստինցիներ պարել են, գրկախառնվել ու օդ կրակել՝ տոնելով ՄԱԿ-ում իրենց դիտորդ-պետության կարգավիճակի ճանաչումը: Նրանք համաձայն չեն ոմանց այն պնդմանը, որ ՄԱԿ-ի բանաձևը շատ քիչ բան կփոխի իրենց կյանքում, գրում է RIA Novosti-ն:
Հորդանան գետի Արևմտյան ափում ու Գազայի հատվածում նման ցնծության պատճառ է դարձել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշումը՝ բարձրացնել Պաղեստինի ներկայացուցչության կարգավիճակը կազմակերպությունում մինչև «դիտորդ պետության» կարգավիճակ ու հաստատել պաղեստինցիների ինքնորոշումը սեփական տարածքում, որոնք օկուպացվել են 1967թ. Իսրայելի կողմից:
Չնայած ուշ ժամին ու ցրտին, մի քանի հազար պաղեստինցի իրենց երեխաների հետ՝ ազգային հագուստներով ու դրոշներով հավաքվել են Ռամալլահի կենտրոնական հրապարակում, որտեղ մեծ էկրաններին ցուցադրվում էր Նյու Յորքում բանավեճի ու քվեարկության ընթացքը:
Երբ հայտնի է դարձել, որ պաղեստինյան պետականությանն իր աջակցությունն է հայտնել 138 պետություն, դեմ՝ ընդամենը 9-ը, ամբոխը հիացական բացականչություններ է արձակել, օդ կրակել: Մարդիկ գրկախառնվել են, սկսել պարել, միմյանց շնորհավորել:
Մինչ օրս ՄԱԿ-ում պաղեստինցիներին ներկայացնում էր Պաղեստինի ազատագրության կազմակերպությունը «դիտորդ- սուբյեկտի» կարգավիճակով:
Պաղեստինցիները հավակնում էին լիարժեք անդամակցության, սակայն չկարողացան այն ստանալ ԱՄՆ-ի պատճառով, որն այս հարցում Իսրայելի կողմից է:









































