1918թ. այս օրը Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո կառավարության հրամանով պետական, ռազմական ու դաշնակցական գործիչ Գարեգին Նժդեհը նշանակվեց Նախիջևանի «գավառական կոմիսար»:
1919թ.օգոստոսից Նժդեհը նշանակվում է Կապանի, Արևիքի և Գողթանի (Կապարգողթ) ընդհանուր հրամանատար։ Նժդեհը երբեմն ստիպված էր լինում չհնազանդվելու վերին իշխանության հրամաններին։ Մասնավորապես, երբ Ալեքսանդր Խատիսյանի կառավարության կողմից նրան հրամայված էր գաղթեցնել պաշարված Գողթանի հայությունը, Նժդեհը մերժեց այն՝ փոխարենը սրբեց ու տեղահանեց գավառի թուրքական բնակավայրերը։
1920թ. օգոստոսին Հայաստանի և բոլշևիկների միջև կնքված զինադադարի, Զանգերզուրը, Արցախը և Նախիջևանը ժամանակավորապես զբաղեցվելու էին կարմիր բանակի կողմից, սակայն Նժդեհը որոշում է մնալ Սյունիքում և մենակ չթողնել լեռնահայությանը։ Այդ ծանր օրերին էր, որ Նժդեհը հղացավ և գործի դրեց Դավիթբեկյան ուխտերը։ 1920թ. օգոստոսի 25-ին Կապանի Կավարտ գյուղի եկեղեցում Նժդեհի զինվորները ուխտեցին Դավիթ Բեկի անունով՝ հավատարիմ մնալ հայրենի երկրի ազատության, իրենց հրամանատար Նժդեհին և կռվել մինչև վերջին շունչը։
Մարտեր մղելով գերակշիռ 11-րդ կարմիր բանակի հետ մինչև 1921թ. նա լքում է Զանգեզուրը միայն իշխանությունների կողմից երաշխիք ստանալուց հետո, ըստ որի՝ Զանգեզուրը մնալու էր Հայաստանի կազմում: 1921թ. Նժդեհն իր զինակիցներով անցնում է Պարսկաստան:








































