Օրերս լուրեր տարածվեցին, թե «Ժառանգություն» կուսակցությունում ներկուսակցական կոնֆլիկտները շարունակվում են: Այդ լուրերի համաձայն, այստեղ փորձում են մանդատից հրաժարեցնելու ռեկորդ սահմանել: Ըստ «Հրապարակ»-ի` այս անգամ կուսակցության հիմնադիրները` Անահիտ Բախշյան, Արմեն Մարտիրոսյան և այլք, պահանջում են, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն իր մանդատը վայր դնի, որպեսզի նրա փոխարեն Աժ անցնի հին գվարդիայի մեկ այլ ներկայացուցիչ` նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը: «Ժառանգությանը» մոտ կանգնած շրջանակներից հայտնում են, որ խնդիրն առժամանակ սառեցվել է, և, ամենայն հավանականությամբ, այն նոր թափով կընթանա դեկտեմբերի 2-ից հետո: Այս օրն է Ավանում կայանալու արտահերթ ընտրություն, որին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև Ստյոպա Սաֆարյանը: Այդ ընտրությունների արդյունքներից հետո թերևս պարզ կդառնա` ժառանգականներն ընթացք կտա՞ն իրենց գործին, թե՞ ոչ: Մինչ այդ, ասում են, կուսակցության հիմնադիր կազմը այդպես էլ չի համակերպվում խորհրդարանական ընտրությունների ժամանակ կատարվածի հետ, և հերթական անգամ օղակը սեղմում են Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ` պահանջելով սրբագրել նախկին սխալը: «Ժառանգության» ղեկավարի ձեռամբ կուսակցության ակտիվ պատգամավորներն ընդգրկվեցին կուսակցության համամասնական ցուցակի ոչ անցողիկ հորիզոնականներում և դուրս մնացին, նրանց փոխարեն խորհրդարան եկան նորանուն «Ազատ դեմոկրատներ» կուսակցության երկու անդամները և համեմատաբար նորելուկ ժառանգական Ռուբեն Հակոբյանը:
Ապա հետևեց Րաֆֆի Հովհաննիսյանի` մանդատից հրաժարվելու անհասկանալի քայլը: Հենց այդ ժամանակ էլ խոսակցություններ կային, թե Րաֆֆին մանդատը վայր է դնում հիմնադիրներից մեկին խորհրդարան գործուղելու նպատակով, սակայն Աժ մտավ կուսակցության ցուցակում հանգրվանած հասարակական գործիչ Թևան Պողոսյանը, այս ամենի արդյունքում տեղի ունեցավ դաշնակից կուսակցության հետ հայտնի ապահարզանը: Եվ հիմա, նախագահական ընտրություններին ընդառաջ, հին գվարդիայի ներկայացուցիչները փորձում են ճնշել Րաֆֆի Հովհաննիսյանին, որպեսզի վերջինը պարտադրի նաև Ռուբեն Հակոբյանին: Սակայն եթե նույնիսկ Րաֆֆիին համոզեն, ապա, միևնույն է, դեմոկրատներն են խոչընդոտ հանդիսանալու, կուսակցության ցուցակում Սաֆարյանին նախորդում է ԱԴ-ական Մասիս Այվազյանը. այստեղից այսօր էլ շարունակում են պնդել, որ իրենց ցուցակը տեղաշարժման ենթակա չէ, հետևաբար, եթե անգամ Հակոբյանը հրաժարվի մանդատից, այն բաժին կհասնի Մասիս Այվազյանին: Մինչդեռ, ըստ լուրերի, «Ժառանգության» վետերանների թևը բավական մարտական է տրամադրված, նրանք չեն ներում Րաֆֆիին, որ «Ժառանգության» հինգ հոգանոց խմբակցության ընդամենը մեկ անդամը` Զարուհի Փոստանջյանն է խորհրդարանում: իսկ նախկին ՀՅԴ-ական Ռուբեն Հակոբյանին այստեղ, բացառությամբ Զարուհի Փոստանջյանի, այդպես էլ չեն կարողանում ընկալել որպես «Ժառանգության» անդամ:
Սակայն կուսակցությունից երեկ կտրուկ հերքեցին այս տեղեկությունները: «Հերիք ա մուտիլովկայով զբաղվեք, ձեր ցավը տանեմ»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում այսպես արձագանքեց լուրերին Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը, որի կարծիքով, «լուրն այնքան անհեթեթ է», որ ինքը չի ցանկանում մեկնաբանել: «Եթե իսկապես նման տեղեկություններ են տարածվել, ապա դա տարածողները ընդամենը ցանկանում են սենսացիոն ինչ-որ բան գրել»,- շարունակեց տիկին Բախշյանը` բացառելով նման տարբերակ: «Ինձ նույն հարցով ինչ-որ մեկն էլ է զանգել, և ես խորհուրդ եմ տվել լուրջ գործերով զբաղվել, նույնն էլ ձեզ եմ խորհուրդ տալիս»,- իր հերթին ասաց «ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: «Բացառում եմ, որ նման բան կարող է լինել, բացառում եմ, որ այդպիսի քննարկում է եղել կամ խոսակցություն է եղել»,- ասաց նա: Գուցե «Ժառանգության» ղեկավարության վերջին գործողություննե՞րն են նման կասկածների և խոսակցությունների հիմքեր տվել: Մարտիրոսյանին հիշեցրինք, որ ԲՀԿ-«Ժառանգություն» կոնսուլտացիայից հետո հայտարարվեց, թե կուսակցության պաշտոնական տեսակետն արտահայտելու իրավունք ունեն միայն չորս հոգի` ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը և արտաքին կապերի պատասխանատու Ստյոպա Սաֆարյանը: Ռուբեն Հակոբյանի անունն այս շարքում չկար: Սկզբում կուսակցությունից փորձեցին կոծկել, թե այդպես է պահանջում իրենց կանոնադրությունը, սակայն հետո պարզվեց, որ կանոնադրությունում նման կետ չկա, և այս ամենն էլ ուղղված էր խմբակցության պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանի և Զարուհի Փոստանջյանի դեմ, որոնք այնքան էլ հաճելի չէին արտահայտվել այդ կոնսուլտացիայի մասին: «Մեզ մոտ ոչ մեկ ստվերում չի հայտնվել, ամեն մեկս մեր պարտականություններն ենք իրականացնում, որևէ խնդիր չկա»,- հակադարձեց փոխնախագահը:
Երեկ չհաջողվեց լսել գլխավոր հերոսին` Ռուբեն Հակոբյանին, մոտ մեկ շաբաթ նրա հեռախոսն անջատված է ցույց տալիս, գրասենյակից հայտնեցին, որ Հայաստանում չէ, սակայն տեղյակ ենք, որ ընդամենը 2 օր առաջ է մեկնել Բրյուսել: Կվերադառնա դեկտեմբերի 2-ին: Սպասենք-տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները:











































