«Առաջին լրատվականի» հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում Ազգային ժողովի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման հնարավորությունների մասին վերջին շրջանի թեժ քննարկումներին, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը պատասխանեց. «Հայաստանի կողմից ԼՂ ճանաչումը սխալ հաշվարկված քայլ է: Եթե դա տեղի ունենա, ապա ոչ մի օգուտ չի լինի, մինչդեռ վնասները կլինեն չափազանց մեծ: Նախեւառաջ, շատ լուրջ հարված կհասցվի Մինսկի գործընթացին, ինչը Ադրբեջանի ցանկությունն է` տապալել Մինսկի պրոցեսը: Տվյալ դեպքում, երբ խորհրդարանում հարցը դրված է, կարծում եմ` արդեն կարեւոր չէ իշխանութուն-ընդդիմություն հարցը, սա ընդհանուր շահ է, որպեսզի նման քվեարկություն խորհրդարանում տեղի չունենա: Սա ոչ միայն բարոյական, այլեւ շատ լուրջ քաղաքական հարց է. երբ հարցը դրվում է Հայաստանի խորհրդարանում, կապ չունի` ինչպես եմ ես վերաբերվում այդ խորհրդարանին, եւ խորհրդարանը չի ընդունում, որովհետեւ բացակայում են պատգամավորները, կամ դեմ են քվեարկում. դա շատ ծանր բարոյական եւ քաղաքական հարված կլինի: Օգտվելով առիթից` ես կոչ եմ անում «Ժառանգություն» խմբակցությանը, կուսակցությանը` հարցը չհասցնել քվեարկության»: