Հնդկաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Sahara բիզնես-կորպորացիայի ղեկավար Սուբրատա Ռոյը, 575 մլն դոլարով գնել է Նյու Յորքի պատմական Plaza հյուրանոցը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ հղում կատարելով ամերիկյան ԶԼՄ-ներին:
Ներկայում Plaza-ի 75 տոկոսը պատկանում է Ռոյին, իսկ մնացած 25 տոկոսը՝ Սաուդյան Արաբիայի արքայազն Ալ-Վալիդ բեն Թալալին:
2008թ. հյուրանոցը դարձյալ իր դռներն էր բացել այցելուների առաջ` 3 տարի շարունակվող վերանորոգումից հետո: Դրանում կան 282 հյուրանոցային համարներ ու ևս մի քանի էլիտար բնակարաններ:
Հյուրանոցային համարի արժեքը սկսվում է 1 գիշերը 1000 դոլարից:
Plaza-ն առաջն անգամ իր դռներն է բացել 1907թ. հոկտեմբերի 1-ին:
Անցած հարյուրամյակում 19 հարկանի հյուրանոցային շինությունը, որը գտնվում է Հինգերորդ ավենյուում, դարձել է Նյու Յորքի անբաժան մասը:
Հյուրանոցում իջևանել են թագավորներ, նախագահներ, աստղեր: Հյուրանոցի համարները մեկ անգամ չէ, որ վերածվել են նկարահանման հրապարակի: Այնտեղ են նկարահանվել շատ հայտնի ֆիլմեր, այդ թվում` «Մեծն Գեթսբին»:






































