Սիրիահայերի հիմնախնդիրները շարունակում են մնալ ՀՀ Կառավարության բոլոր գերատեսչությունների ուշադրության կենտրոնում:
ՀՀ Սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում-խորհրդակցություն աշխատանքի կարիք ունեցող սիրիահայերի, Հայաստանի գործարարների և ՀՀ պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների միջև: Հայաստանում գտնվող սիրիահայերի հիմնախնդիրների ուսումնասիրության ժամանակ պարզվել է, որ նրանք նախընտրում են և սովոր են ունենալ սեփական, թեկուզ փոքր ու միջին գործ: Հանդիպման ընթացքում սիրիահայերին ներկայացվել է Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը, որը նշանակալի աջակցություն կարող է ցուցաբերել սեփական գործ հիմնելու հարցում:
ՓՄՁ կենտրոնում հատուկ սիրիահայերի համար կազմակերպված դասընթացին մասնակցելու համար գրանցվել են 100-ից ավել սիրիահայեր: Դասընթացները պարբերական բնույթ են կրում և անցկացվում են փուլերով: Նոյեմբերի 29-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ 20 օր տևողությամբ առաջին դասընթացին ընդգրկվեց շուրջ 30 սիրիահայ: Դասընթացի կազմակերպման նպատակը սեփական գործ հիմնել ցանկացող սիրիահայերին հայաստանյան հարկային քաղաքականությանը, ինչպես նաև բիզնես գործունեության ծավալման նրբություններին ու առանձնահատկություններին ծանոթացնելն է, այնուհետև՝ ցածր տոկոսադրույքով մատչելի վարկերի տրամադրումը: Մեկնարկած դասընթացի ժամանակ սիրիահայերին կներկայացվի փոքր ու միջին բիզնեսի՝ սկսնակների համար նախատեսվող աջակցության ծրագիրը: Կենտրոնի մասնագետների խորհրդատվությամբ մասնակիցները կիրազեկվեն բիզնեսի պլանավորման բոլոր փուլերի մասին, այնուհետև կազմված բիզնես ծրագիրը կներկայացվի խորհրդին՝ 3-5 ՀՀ դրամ վարկավորում ստանալու նպատակով:
Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի ղեկավար Վարազդատ Կարապետյանը, ողջունելով ներկաներին, հայտնել է, որ հատուկ սիրիահայերի բիզնես գործունեությունը խրախուսելու և նրանց աջակցելու համար վարկավորման տարեկան տոկոսադրույքը իջեցվել է մինչև 4-5 տոկոս:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունել է սիրիահայերի՝ հայկական շուկայի առանձնահատկություններին, հարկային համակարգին ու տնտեսվարման օրենսդրությանը ծանոթանալու ցանկությունը: Նախարարը խորհուրդ տվեց Հայաստանում բիզնես հիմնելիս կիրառել նաև Սիրիայում կուտակած փորձն ու հմտությունները, աշխատել, թեկուզ Սիրիայի համեմատությամբ ցածր աշխատավարձով, կայանալ՝ ինքնուրույն գործ հիմնելով՝ այսպիսով նաև լուծել Հայաստանում գտնվող մյուս սիրիահայերի աշխատատեղերի հարցը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը հորդորել է ներկա գտնվող սիրիահայերին դիմել իրենց՝ ձեռնարկությունների գրանցման և տնտեսվարման ընթացքում ծագած ցանկացած խնդրի պարագայում:
Դասընթացին մասնակցող սիրիահայերի խոսքով՝ սա հիանալի առիթ է իրենց համար ծանոթանալու հայկական բիզնես միջավայրին, լինել առավել տեղեկացված՝ այսպիսով իսկ նվազեցնելով հնարավոր բոլոր ռիսկերը:









































