2003 թվականի դեկտեմբեր ամսին «Մատաղիսի» զորամասից երկու զինծառայող՝ Ռոմա Եղիազարյանն ու Հովսեփ Մկրտումյանն անհետացել էին: Հունվար ամսին նրանց դիակները հայտնաբերեցին ջրամբարից: Գործի հետագա ընթացքը ցույց է տալիս, որ դատախազությունը իր դերում լինելու և իրականությունը պարզելու, մեղավորներին պատժելու, միջոցներ ձեռնարկելու փոխարեն` մեղադրանքը կոնկրետ մարդկանց՝ տուժողների երեք ծառայակիցներ Ռազմիկ Սարգսյանի, Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի վրա բարդելու գիծ է որդեգրել: Այս երեք նախկին զինծառայողները մեղադրվում են, որոնց անմեղությունը բոլորի համար ակնհայտ է: Բոլորի համար մոտավորապես պարզ է՝ որտեղ պետք է փնտրել մեղավորներին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Մատաղիսի» գործով փաստաբան Հայկ Ալումյանը՝ ներկայացնելով գործի ներկայիս փակուղային վիճակը:
Նա նշեց, որ իրենք կարծել են, թե զինդատախազությունում ղեկավարների փոխման արդյունքում նրանց աշխատանքի ոճն էլ կփոխվի, և նոր ղեկավարությունը կաշկանդված չի լինի նախորդ ռեժիմի թույլ տված սխալները բացահայտելու գործում, սակայն զինդատախազության ոճը չի փոխվել:
Փաստաբանը նաև նկատեց, որ նախկին զինդատախազը սիրում է այս գործով մեկնաբանություններ անել: «Այս գործում ինքը բավականին հետաքրքրված էր, որ այս երեք երիտասարդները մեղադրվեն: Ինքը կամ մոլորության մեջ է, կամ…»,- նշեց Հայկ Ալումյանը՝ շարունակելով, որ ամեն ինչ այնքան բացահայտ է, որ նույնիսկ տուժողների իրավահաջորդները համախմբված պայքարում են մեղադրյալներին մեղադրանքից ազատելու ուղղությամբ:
Զոհված զինծառայող Հովսեփ Մկրտումյանի հայր Մովսես Մկրտումյանն ասաց, որ բազմաթիվ փաստեր կան, համաձայն որոնց` այն սցենարը, որը ժամանակին գրվել է զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի կողմից, սուտ է: Նրա համոզմամբ՝ մեղավորը զորամասի հրամանատարությունն է, որը շահագրգռված է գործը չբացահայտելու մեջ, թե չէ` սա բացվող գործ էր:
«Կեղծ հիմքը դրեցին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն ու այն ժամանակ քննիչ Արմեն Հակոբյանը. ոնց մշակեցին, այդպես էլ շարունակվեց»,- ասաց Մովսես Մկրտումյանը:
Անդրադառնալով «Մատաղիսի» գործի ներկայիս փուլին՝ Հայկ Ալումյանն ասաց, որ դատարանը, չունենալով ապացույցներ, որոշել է մեղադրանքը բարդել երեք տղաների վրա և սկսել է միջոցներ ձեռնարկել, որոնք և օրենքի, և բարոյականության տեսանկյունից քննադատելի են:
«Երբ արդեն ոչ մի ապացույց գոյություն չուներ, և մեղադրանքից պետք է հրաժարվեին, դատարանում երիտասարդ կնոջ դիմում է հայտնվում: Նա հայտարարել էր, որ ամբաստանյալներից մեկը՝ Ռազմիկ Սարգսյանը, իբր իրեն ասել է. «Նայի` դու էլ իմ զոհը չդառնաս»: Պաշտպանական կողմը միջնորդեց, որ կինը հրավիրվի դատարան և հարցաքննվի: Սակայն նա բոլորի ներկայությամբ հայտարարեց, որ նման բան երբևէ չի լսել, այլ ասաց, որ թելադրել են, ինքն էլ գրել է: Մեղադրող կողմից պասիվ վարքագիծ տեսանք: Մեղադրող կողմը պետք է հանդես գար ճառով, սակայն մեկ ամիս ձգեց իր ճառը` տարբեր պատրվակներով: Հանկարծ իմացանք, որ պատահական չի ձգձգվում:
Այս քողի տակ քայլեր են ձեռնարկվում, որ երիտասարդ տիկնոջը ճնշեն, և նա նորից գա ու վկայություն տա ամբաստանյալներից մեկի դեմ: Իսկ այդ կինն ամբաստանյալի նախկին ընկերուհին է, որը, երբ Ռազմիկ Սարգսյանը մեկ այլ աղջկա հետ է նշանադրվել, սկսել է Ռազմիկ Սարգսյանի վերաբերյալ տարբեր բաներ գրել, թե` իրեն բռնաբարել է, երբ տարիուկես մեկ հարկի տակ էր ապրել Ռազմիկ Սարգսյանի հետ, հետո գրել է, որ գումար է հափշտակել»,- մանրամասնորեն ներկայացրեց Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ դատախազությունը կնոջը ցանկանում է օգտագործել Ռազմիկ Սարգսյանի դեմ:
Փաստաբանը նաև մեկ հետաքրքիր փաստի մասին բարձրաձայնեց` ասելով, որ այս քրեական գործի մեջ կա երկու տարբեր մարդկանց ինքնախոստովանական ցուցմունք` երկուսն էլ արված խոշտանգումների ազդեցության տակ: Նրա համոզմամբ՝ առնվազն երկուսից մեկը չարած սպանությունն իր վրա է վերցնում: «Պատկերացրեք՝ ի՞նչ միջոցներ պետք է կիրառված լինեն, որ չկատարած սպանությունն ինչ-որ մեկն իր վրա վերցնի»,- նկատեց փաստաբանը:
Համատեղ ասուլիսի ընթացքում «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լալա Ասլիկյանն ասաց, որ բանակին առնչվող յուրաքանչյուր գործ այսպիսի ընթացք է ունենում: «Սկսվում է դատախազության կողմից մի վարկած ընդունելով, դատաբժշկական փորձաքննության ժամանակ իրարամերժ փաստեր են նկարագրվում, շատ բաներ էլ դուրս են մնում»,- մեկնաբանեց նա:
Նշենք, որ 20 հասարակական կազմակերպություն հայտարարությամբ են հանդես եկել:
«Մատաղիսի գործը զինվորական գործերով արդարադատության կարևորագույն փորձաքար է: Խստորեն դատապարտում ենք փորձերը՝ կասկածելի և անթույլատրելի միջոցներով հիմնավորելու անմեղ երիտասարդների առնչությունը քրեական գործի հետ: Այս երիտասարդներն արդեն իսկ իրենց կյանքի երեք լավագույն տարիներն անցկացրել են բանտերում, ենթարկվել են անտանելի խոշտանգումների և ճնշումների՝ մի բանի համար, որում իրենք մեղավոր չեն, և որի իրական մեղավորները գտնվում են ազատության մեջ:
Դատարանին և դատախազությանը կոչ ենք անում հավատարիմ մնալ օրենքին և Սահմանադրությանը: Հայտարարում ենք, որ ամեն ինչ անելու ենք արդարության հաղթանակի համար, այդ թվում՝ մշտադիտարկման ենթարկելով դատավարության ընթացքը, ներգրավելով տեղի և միջազգային հանրության ուշադրությունն ու աջակցությունը»,- նշված էր ՀԿ-ների տարածած հաղորդագրության մեջ:







































