Groupon զեղչային համակարգի հիմնադիր և ղեկավար Էնդրյու Մեյսոնը, հնարավոր է, հրաժարական տա: Այս մասին գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ իր աղբյուրները:
Աղբյուրների խոսքերով՝ ընկերության տնօրենների խորհուրդը դժգոհ է Մեյսոնի աշխատանքից և հինգշաբթի մտադիր է քննարկել Մեյսոնի հրաժարականի և նոր գործադիր տնօրենի թեկնածության հարցը:
Մեյսոնը խոստովանել է, որ իր վրա ճնշում են գործադրում:
«Ես ցանկանում եմ Groupon-ի համար անել լավագույնը: Բայց երբ բաժնետոմսերն ընկնում են 80%-ով, մարդկանց մոտ հարց է ծագում` արդյոք դուք ճի՞շտ ուղղությամբ եք շարժվում»,- հայտարարել է Մեյսոնը:
Նա նշել է, որ որպես ընկերության բաժնետեր և ուղղակի սպառող` ինքն ավելի շատ մտածում է բիզնեսի հաջողության և ոչ թե իր մասին: Դրա հետ մեկտեղ Մեյսոնն ընդգծել է, որ չի ցանկանում հեռանալ ընկերությունից:
Ընկերությունից Մեյսոնի հնարավոր հեռացման մասին լուրերի ֆոնի վրա Groupon-ի բաժնետոմսերը աճել են 11.62%-ով:










































