Բնապահպան-ակտիվիստները հերթական անգամ Գառնու ձորում՝ Ազատ գետի կիրճում՝ Գառնի գյուղից 1 կմ հարավ-արևելք, արձանագրել են «Բազալտե երգեհոն» սյունաձև բազալտների նկատմամբ վանդալիզմի հերթական դրսևորումների փաստը:
Նոյեմբերի 26-ի վաղ առավոտյան Սարմեն Շահիջանյանն ու Սամվել Հովհաննիսյանն ականատես են եղել Քարերի սիմֆոնիայի աննախադեպ ջարդի: Տեսածից ապշահար՝ երբ վերջիններս սկսել են հարցեր ուղղել տարածքում աշխատող բանվորներին, վերջիններս թողել են գործիքներն ու փախել:
Ակտիվիստներն այսօր լրագրողներին ներկայացրին իրենց տպավորություններն ու պետական մարմիններից պահանջեցին անհապաղ քայլեր ձեռնարկել «քարերի ջարդը» դադարեցնելու համար, միջոցներ ձեռնարկել՝ տարածքը հսկելու ուղղությամբ:
Ի դեպ, Քարերի սիմֆոնիան, համաձայն ՀՀ կառավարության 2008թ. որոշման, համարվում է երկրաբանական հուշարձան, սակայն ինչպես մյուս հուշարձանները, անձնագիր չունի: Հուշարձանների անձնագրերի կազմման ու պահպանման ռեժիմի սահմանման աշխատանքները «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքով պարտավոր է կատարել բնապահպանության նախարարությունը:
«Այդ բազալտե քարերը եզակի են, ու ամեն գնով հարկավոր է պահպանել դրանք, սակայն 2010-ից ականատես ենք, թե ինչպես են դրանք բեռնատարներով ձորից դուրս բերվում»,- ասաց Սամվել Հովհաննիսյանը՝ նշելով, որ այդ քարերով կառուցվում են տներ, անգամ Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանի տունն է այդ քարով կառուցված, Գառնի գյուղում կառուցվում են նոր տներ՝ այդ քարերով:
Սարմեն Շուրիջյանյանը պատկերավոր լեզվով քարերի այդ ջարդը համեմատեց Ջուղայի խաչքարերի ոչնչացման փաստի հետ: «Այնքան մեծ է ջարդը ու դա այնքան մոտ է Գառնու տաճարին: Սա մեծ ծավալի աշխատանք է, ոչ թե մեկ օրվա: Անգամ սարը բարձրացող ճանապարհ կա: Վանդալիզմ է տեղի ունենում», – ահազանգեց նա՝ նշելով, որ անգամ քարերն են ձորում տեսակավորել՝ տեղափոխումը հեշտացնելու համար:
«Ինչի՞ համար է Գառնու գյուղապետը նստած այդ պաշտոնում, եթե չի կարողանում կառավարել գյուղի սահմանները: Սկսում եմ մտածել՝ կա՛մ գործ չի անում, կա՛մ պարտակում է այդ ամենը: Եթե դիմել է ոստիկաններին, ինչո՞ւ վերջիններս չեն հսկում»,- հարց հնչեցրեց Սամվել Հովհաննիսյանը՝ ընդգծելով, թե հենց նույն գյուղապետի տունը գյուղում այդ քարերով է կառուցվում:
Նրա խոսքով՝ այդ ամենն այնքան մեծ մասշտաբների է հասել, որ գյուղացիներն իրենք են հաճախորդներ փնտրում քարերի համար՝ հատը 500-600 դրամով:
Ակտիվիստները կոչ արեցին ու պետական մարմիններից պահանջեցին զբաղվել Քարերի սիմֆոնիայի խնդրով:










































