Կառավարությունն այսօր նիստում ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնք թելադրված են Երևան քաղաքի չջեռուցվող հիմնական, ավագ և հատուկ դպրոցները ջեռուցման համակարգերով ապահովելու նպատակով լրացուցիչ աշխատանք կատարելու անհրաժեշտությամբ։ Որոշմամբ կջեռուցվի ևս երկու դպրոցի շենք, որոնց համար նախկինում գումար չէր հատկացվել։
«Այսպիսով, մինչև տարեվերջ Երևանում չջեռուցվող դպրոց չի լինի»,- շեշտել վարչապետը։
Կառավարությունը վերաբաշխել է 2012 թ. պետբյուջեն, փոփոխություններ և լրացումներ կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և Հայաստանի երիտասարդական հիմնադրամին և «Դասական երաժշտության աջակցություն» ՀԿ-ին տրամադրելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացրել համապատասխանաբար 100 մլն և 12 մլն դրամ։ Որոշման նպատակն է բարելավել բուհերի ուսանողների կրթական, սոցիալ-տնտեսական վիճակը, հոգևոր-հայրենասիրական և գեղագիտական դաստիարակությունը։
ՀՀ կառավարությունը սահմանել է Հայաստանի գրադարանների միասնական մատենագիտական համահավաք գրացուցակի ստեղծման կարգը։ Այդ գրացուցակի միջոցով մատենագիտական գրառումների ամբողջությունը հանրությանը ներկայացնելը գրադարանների գործունեության կարևորագույն բաղադրիչներից է։ Էլեկտրոնային գրացուցակը հնարավորություն կտա ապահովել քաղաքացիների` տեղեկույթից օգտվելու իրավունքը։







































