1926թ. այս օրը Երևանում ծնվեց անվանի գեղանկարիչ, Սուրբ Էջմիածնի մայր աթոռի ճարտարապետական հանձնախմբի և գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գրիգոր Խանջյանը:
Գրիգոր Խանջյանն 1961թ. արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր նկարչի կոչման, իսկ 1962թ. ընտրվել ԽՍՀՄ գեղարվեստական ակադեմիայի թղթակից անդամ: 1963թ. ճանաչվել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և ընտրվել ԽՍՀՄ նկարիչների միության ղեկավարման անդամ: 1967թ. արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական նկարչի կոչման, իսկ 1969թ. Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի նկարազարդման համար պարգևատրվել ԽՍՀՄ պետական մրցանակով: 1982-ին ընտրվել է Հայաստանի ԽՍՀ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, ապա ակադեմիկոս: 1983թ. արժանացել է Խորհրդային Միության ժողովրդական նկարչի պատվավոր կոչման:
Գեղանկարչության ժանրում հանդես է եկել թեմատիկ կտավներով, բնանկարներով, դիմանկարներով ու նատյուրմորտներով, բոլորն էլ մատուցելով գունային նրբերանգ ներկապնակի միջոցով: Նրա ստեղծած կտավների թվին են պատկանում գյուղական կյանքն ու աշխատանքային առօրյան պատկերող «Սևանի ձկնորսները» (1956թ), «Երևանի կառուցողները» (1960թ) կտավները: Բնանկարները մոնումենտալ են, իսկ դիմանկարներում պատկերված է բնորդների հարուստ ներաշխարհը: Նկարազարդել է Հովհաննես Թումանյանի «Լռեցի Սաքոն» (1956թ), Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» (1958թ), Գևորգ Էմինի «Բալլադ ձկնորսի մասին» (1970թ), «Սասունցիների պարը» (1975թ) գրքերը, Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» (1963-1965թթ) պոեմը:
Ընդլայնել է հայ կերպարվեստի կիրառման շրջանակները, մտնելով մոնումենտալ արվեստի այնպիսի բնագավառներ, որպիսիք են` գոբելենային (գորգանկարչություն) արվեստը, փայտարվեստը, որմնանկարչությունը: Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի պատվերով ստեղծել է թեմատիկ գորգանկարներ, որոնցից են «Իջման տեսիլք» (1977թ), «Հայոց այբուբեն» (1981թ), «Վարդանանք» (1983թ) և «Վերածնված Հայաստան» (1994թ) մեծամասշտաբ և բազմաֆիգուր գոբելենները:
Առավել բարդ հորինվածք է բազմաֆիգուր «Վարդանանք» գոբելենը: Այն կրում է Եղիշեպատմիչի Վարդանանց պատերազմի մասին «Մահ ոչ իմացեալ մահ է, մահ իմացեալ անմահութիւն է» խորհուրդը: Գրիգոր Խանջյանը գոբելենների այդ շարքը լրացրեց «Վերածնված Հայաստան»-ով: Նա գործուն մասնակցություն է ցուցաբերել վանքերի ու եկեղեցիների վերականգնման նախագծերի քննարկմանն ու դրանց իրականացման գործընթացին: Նրա վրձնին է պատկանում Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի ավագ խորանի սեղանը զարդարող Տիրամոր հիասքանչ պատկերը: Նույն կարգի գործեր է կատարել Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցու, Ստամբուլի հայոց պատրիարքարանի և այլ եկեղեցիների համար:
Մահացել է 2000թ. ապրիլի 19-ին:








































