1943թ. այս օրը հանդիսավոր կերպով բացվեց ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիան:
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ կամ ՀՀ ԳԱԱ) բարձրագույն պետական ինքնակառավարվող ոչ առևտրային հաստատություն է, որի նախագահությունը գտնվում է Երևանում: Ակադեմիան նաև մասնաճյուղեր ունի Գյումրում, Սևանում, Գորիսում, Վանաձորում, և Կապանում: Այն կազմակերպում և իրականացնում է հիմնարար և կիրառական գիտական հետազոտություններ, և համակարգում է հանրապետությունում կատարվող հիմնարար հետազոտությունները: ԳԱԱ-ն նաև ծառայում է որպես ՀՀ իշխանության բարձրագույն մարմինների պաշտոնական գիտական խորհրդական:
ՀՀ ԳԱԱ-ն 1943թ. հիմնադրված Հայաստանի գիտությունների ակադեմիայի իրավահաջորդն է դարձել 1993 թվականից: Գիտությունների ակադեմիայի հիմնադիրներից են եղել Հովսեփ Օրբելին, Ստեփան Մալխասյանցը և Վիկտոր Համբարձումյանը: Հովսեփ Օրբելին նաև ծառայել է որպես ԳԱԱ-ի առաջին նախագահ մինչև 1947թ., որից հետո ԳԱԱ նախագահ է դարձել Վիկտոր Համբարձումյանը մինչև 1993 թվականը:
1993թ. Հայաստանի գիտությունների ակադեմիայի անունը փոխվել է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի և այդ թվականից մինչ 2007-ը նրա նախագահի պաշտոնում է ծառայել Ֆադեյ Սարգսյանը, իսկ 2007-ի փետրվարի 19–ին այդ պաշտոնը հանձնարարվել է Ռադիկ Մարտիրոսյանին: ԳԱԱ-ն ֆինանսավորվում է պետական բյուջեից: Լրացուցիչ ֆինանսավորման աղբյուր են հանդիսանում պետական և մասնավոր հիմնադրամներից տրամադրված, ինչպես նաև հանրապետության և այլ պատվիրատուների հետ կնքած պայմանագրերի արդյունքում ստացվող գումարները: ՀՀ ԳԱԱ-ն 50-ից ավելի գիտական ինստիտուտների, հաստատությունների, ձեռնարկությունների և այլ կազմակերպությունների միավորումը և նախագահության միասնությունն է:
ՀՀ ԳԱԱ-ն կառավարվում է ակադեմիայի ընդհանուր ժողովի կողմից, որն ընդրգրկում է ակադեմիայի իսկական անդամներին, թղթակից անդամներին և գիտական կազմակերպությունների տնօրեններին: ՀՀ ԳԱԱ-ն գիտական համագործակցության պայմանագրեր ունի մի շարք երկրների գիտությունների ակադեմիաների հետ (Ռուսաստան, Վրաստան, Բելառուս, Ուկրաինա, Թուրքմենստան,Մեծ Բրիտանիա, Չինաստան):
ՀՀ ԳԱԱ գիտնականները նաև իրենց մասնակցությունն են բերում միջազգային մի շարք հիմնադրամների և այլ կազմակերպությունների գիտական ծրագրերին:









































