«Նաիրիտի» աշխատողների բողոքի ակցիաներից հետո ձեռնարկության կառավարիչները խստացրել են ներքին կարգուկանոնը: Մասնավորապես, կոլեկտիվին արգելել են օգտվել բջջային հեռախոսներից: Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեցին աշխատողները:
Առհասարակ, «Նաիրիտում» արգելված է ԶԼՄ-ների հետ շփումը: Մամուլին տեղեկություններ հայտնելու համար նույնիսկ աշխատանքից ազատման դեպք է եղել: Այնուամենայնիվ, թերթին հաջողվեց պարզել, որ ղեկավարությունն աշխատողներին խոստացել է, որ մինչև շաբաթվա վերջ կվճարի աշխատավարձի մի մասը և ինչ-որ գումար էլ կվճարի դեկտեմբերին: Հույսը, որ Ամանորից առաջ ձեռքները փող կընկնի, խաղաղեցրել է մարդկանց:
Հիշեցնենք, որ երկուշաբթի «Նաիրիտի» մամուլի քարտուղարը թերթին հայտնել էր, որ աշխատավարձը վճարելու հույս չկա, գործարանի ղեկավարությունը սպասում է նոր ներդրողի:










































