Հյուսիսային Կորեայի իշխանությունները Կիմ Չեն Իրի մահվան տարելիցի հետ կապված՝ արգելել են երկրի քաղաքացիներին այցելել Չինաստանում ապրող իրենց հարազատներին։ Այս մասին տեղեկացնում է հարավկորեական «Դեյլի ՆԿ» կայքը:
«Անվտանգության ազգային գործակալությունն արգելել է ազգականներին այցելելու համար Չինաստան մեկնելու թույլտվություն տալ: Արգելքն ուժի մեջ է մտել նոյեմբերի սկզբին: Նրանք, ովքեր թույլտվություն են ստացել հոկտեմբերին, դեռ կարող են երկրից դուրս գալ, սակայն նրանք պետք է հատուկ հայտարարություն ստորագրեն գեներալ Կիմ Չեն Իրի մահվան տարելիցից առաջ վերադառնալու մասին»,- տեղեկացնում է կայքը: Այս նախաձեռնության հեղինակն ինքը՝ Կիմ Չեն Ինն է:
Կիմ Չեն Իրը մահացել է 2011 թվականի դեկտեմբերի 17-ին՝ սրտի կաթվածից: Դրանից հետո երկրի նոր առաջնորդ դարձավ նրա որդին՝ Կիմ Չեն Ինը:









































