Մի քանի հարյուր երիտասարդ էմիրաթցիներ գրանցվել են ԱՄԷ-ի զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար: Այս մասին այսօր հայտնել է Gulf News թերթը:
ԱՄԷ-ի նախագահ շեյխ Խալիֆա բեն Զաիդ ալ Նախայան այս տարվա հունիսին երկրի բոլոր 18-30 տարեկան տղամարդ քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայություն անցնելու մասին օրենք է ստորագրել: Էմիրաթցիների առաջին խումբը սկսել է զինծառայություն անցնելու համար գրանցվել կիրակի օրը Աբու-Դաբի, Ալ-Այն և Շարջա էմիրություններում:
Տղամարդկանց գրանցումը կտևի մինչև հուլիսի 17-ը:
ԱՄԷ-ի միջին դպրոցն ավարտած քաղաքացիները պետք է բանակում ծառայեն 9 ամիս: Ովքեր դպրոցի դիպլոմ չունեն, զինվորական գործ կսովորեն 2 տարի: Կանանց համար ծառայությունը կամավոր է: Նրանց զինվորագրումը կտևի հուլիսի 20-24-ը:
ԱՄԷ բանակ առաջին զորակոչը կլինի սեպտեմբերին: Սպասվում է, որ զորակոչվածների ընդհանուր թիվը կլինի մինչև 7000: