Ռուսական «Վզգլյադ» թերթի փոխանցմամբ՝ Վրաստանի գլխավոր դատախազությանն է ներկայացվելու երկրի պաշտպանության նախարարության նախկին ղեկավարության կողմից Կալաշնիկով ինքնաձիգի հին տեսակներից միլիոնավոր քանակությամբ գնելու գործը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:
Վերջինիս խոսքերով՝ դրա համար վճարվել է տասնապատիկ ավելի գումար՝ 42 միլիոն լարի (25 միլիոն դոլար), ինչի պատճառով պաշտպանության նախարարության բյուջեում առաջացել է դեֆիցիտ՝ զինվորների համար սննդի ու հանդերձանքի գնման համար.
«Մենք ստիպված ենք այս տարի պաշտպանության նախարարության բյուջեին հավելել 52 միլիոն լարի (31 միլիոն դոլար): Բացի այդ, 3 միլիոն է փոխանցվել ինչ-որ տանկի համար, երկրորդի համար մենք չենք փոխանցի, դրանք անիմաստ ծախսեր են և բյուջեով նախատեսված չեն»:
Նշվում է, որ 2008 թվականին Ռուսաստանի հետ պատերազմից առաջ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Կալաշնիկովից անցում են կատարում ամերիկյան կարաբինի: Սակայն Վրաստանին չհաջողվեց դա, քանի որ սկսվեց օգոստոսյան պատերազմը, և հրացանները, ինչպես նաև մի քանի «Համեր»-ներ դարձան ռուսական բանակի ավար: Դրանից հետո Վրաստանը վերադարձ կատարեց «ինքնաձիգներին»:












































