Չեխիայի մայրաքաղաքի իշխանությունները համաձայնել են պրահացիների կարծիքի հետ, որ ամանորյա հրավառությունը իրականացնեն ոչ թե ամանորյա գիշերը, այլ հունվարի 1-ի երեկոյան: Այս մասին հաղորդում է «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանը՝ վկայակոչելով չեխական ԶԼՄ-ները:
Պրահայի քաղաքապետ Բոգոսլավ Սոբոտկան ստիպված է եղել հարցում անցկացնել Պրահայի բնակիչների շրջանում, քանի որ քաղաքային խորհուրդը, քննարկելով այս հարցը, վերջանական որոշում չի կարողացել կայացնել:
Ամանորյա հրավառությունը կկայանա հունվարի 1-ին 18.01-ին: Նման տարբերակի օգտին է արտահայտվել պրահացիների մեծամասնությունը: Պրահայի իշխանությունները նաև համարում են, որ այդ օրը հրավառությունը ավելի շատ մարդ կտեսնի:
Դրա հետ մեկտեղ, Չեխիայի մայրաքաղաքի ռեստորանների սեփականատերերը խնդրել են քաղաքապետարանին տեղափոխել հրավառությունը, քանի որ կեսգիշերին մարդիկ դուրս են վազում՝ իբր թե հրավառությունը դիտելու և մոռանում են հաշիվը վճարել:










































