Մեծ Բրիտանիայի հյուսիսում՝ Վեյբրիջ քաղաքում, մահացել է այսպես կոչված «Մագնիտսկու գործով» առանցքային վկաներից մեկը: Այս մասին գրում է բրիտանական The Independent թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
44-ամյա Ալեքսանդր Պերեպելիչնիին մահացած են գտել Վեյբրիջի իր շքեղ առանձնատանը երկու շաբաթ առաջ, սակայն հանրությանն այդ մասին հայտարարում են միայն այժմ: Հաղորդվում է, որ Պերեպելիչնին, «ամենայն հավանականությամբ, ունեցել է լավ առողջություն»: Նրա մահվան պատճառը պարզված չէ:
Ինչպես գրում է Independent-ը, երեք տարի առաջ Պերեպելիչնին քաղաքական ապաստան է խնդրել Մեծ Բրիտանիայից: Նա եղել է հարուստ գործարար և համարվում է, որ որոշ ժամանակ կապված է եղել այսպես կոչված «Կլուևի խմբավորման» հետ, որը համարվում է հարկային ոլորտում մի շարք հանցագործությունների մասնակից: Այն բանից հետո, երբ Պերեպելիչնին խզել է կապերն այս կազմակերպության հետ, որոշել է ցուցմունք է տալ դրա անդամների դեմ՝ դառնալով խմբավորման դեմ գլխավոր վկաներից մեկը: Բրիտանական ԶԼՄ-ները հաղորդում են, որ «Կլյուևի խմբավորումն» առնչություն ունի Hermitage Capital բրիտանական հիմնադրամի փաստաբան Սերգեյ Մագնիտսկու մահվան հետ:
2011 թ. գարնանը Շվեյցարիայի դատախազությունը հետաքննություն է սկսել Credit Suisse բանկի միջոցով անօրինական ստացված դրամական միջոցների լվացման հավանական փաստերի մասին գործի շրջանակներում: Այդ սխեման օգնել է բացահայտել մահացած Մագնիտսկին, իսկ այս գործով առանցքային վկաներից մեկը Պերեպելիչնին էր։










































