Մեծ Բրիտանիան պնդում է, որ Սիրիա զենք ուղարկելու էմբարգոն ավելի հաճախ վերանայվի: Սիրիա զենք արտահանելու արգելքը հանելը կարող է ապագայում պետք գալ ընդդիմադիրներին աջակցելու համար։ Այսրես են կարծում Բրիտանիայի իշխանությունները,- փոխանցում է Reuters-ը: Փորձագետները համարում են, որ արգելքն ավելի հաճախ վերանայելու նախաձեռնությունը բխել է վարչապետ Դևիդ Քեմերոնից:
Նշենք, որ ԵՄ-ն պատժամիջոցների մի ամբողջ շարք է ներմուծել պաշտոնական Դամասկոսի դեմ` վիզայի հետ կապված սահմանափակումներ պաշտոնյաների համար, Բաշար Ասադի կառավարության հետ կապված գործարարների ակտիվների և պայմանագրերի սառեցում, նավթային էմբարգո և զենքի մատակարարման արգելք: Պատժամիջոցները պետք է 2012-ի դեկտեմբերին երկարաձգվեն մեկ տարով:
Լոնդոնն առաջարկում է զենքի մատակարարման էմբարգոն վերանայել ամեն 3 ամիսը մեկ: Մեծ Բրիտանիայի դիրքորոշմանն աջակցում է Ֆրանսիան, որը 2012-ի նոյեմբերի 12-ին առաջին պետությունն էր, որը Սիրիայի Ազգային կոալիցիան ճանաչեց որպես Սիրիայի ժովովրդի միակ օրինական ներկայացուցիչ:
Ոչ պաշտոնական տվյալներով` անգլո-ֆրանսիական նախաձեռնությանը կողմ են ԵՄ ոչ բոլոր պետությունները: Քննադատները համարում են, որ երկիր զենքի մատակարարման հնարավորությունը ժամանակից շուտ արված քայլ կլինի:
Վերջին անգամ Սիրիա զենք մատակարարելու եվրոպական էմբարգոն խստացվել է 2012-ի հոկտեմբերի 15-ին:










































