«Օրերս մի հետաքիքիր դեպք պատմեցին: Մի բարձրաստիճան պաշտոնյա որոշել է 4 թե 5 տարեկան թոռան ծննդյան օրը նշել ռեստորաններից մեկում: Բնականաբար, ռեստորանի ողջ անձնակազմը, ոտնաթաթերի վրա կանգնած, դիմավորել է սույն պաշտոնյային ու իր ազգուտակին, կաշվից դուրս եկել, որ բոլորը գոհ լինեն, և հոբելյանը փառահեղ նշվի: Հոբելյարը քեֆի թեժ պահին, սրահում վազվզելուց հոգնած, սկսել է կոտրել դռներից մեկը: Այնքան ուժեղ ու այնքան անխնա է արել, որ մատուցողներից մեկը շատ զգուշորեն դիտողություն է արել, թե` բալիկ ջան, մի կոտրի, ափսոս է: Ինչ կանե՞ր այս պարագայում մեզնից յուրաքանչյուրը: Հավանաբար, ներողություն կխնդրեր չարաճճիի փոխաիեն, դիտողություն կաներ երեխային ու կհեռացներ դեպքի վայրից: Ի՞նչ է արել սույն բարձրաստիճանը. հարձակվել է մատուցողի վրա, թե` լավ է անում, թող ջարդի, ես կվճարեմ կոտրածի գինը»,- գրում է «Հրապարակ»-ը խմբագրականում և հավելում.
«Պատկերացնո՞ւմ եք, թե սրա դաստիարակած թոռն ինչ անպատիժ ու անդաստիարակ երեխա է մեծանալու և ինչ պատուհաս է վաղը դառնալու մեր բոլորիս գլխին: Պատկեիացնո՞ւմ եք` եթե 5 տարեկանում արդեն հասարակական գույքն է կոտրում ու խրախուսվում, ինչպես է պահելու իրեն, ասենք, 10, 15, 25 տարեկանում: Այսօր ռեստորանի դուռն է կոտրում, վաղը հաստատ մաիդկանց գլուխներն է կոտրելու: Այս հաբռգած փողատերերի երեխաներն են ղեկին նստում ու 150-ի վրա ճռռացնելով` քաղաքում մեքենա վարում, վտանգելով մարդկանց կյանքը: Կյանքում ոչ մի բանի մերժում չստացած այս լկտի զավակներն են զբաղեցնում լավ սովորող երեխաների, հետո` լավ մասնագետների տեղը: Սրանց հայրիկներն ու պապիկներն ամեն ինչ անում են, որ նրանք ջերմոցի բույսերի պես անդարդ ու ապահով մեծանան` բանակ չգնան, կյանքի դժվարությունները չճաշակեն, եթե օրենք են խախտում` չպատժվեն»:









































