«Խնդիրը, իմ կարծիքով, ոչ թե պատմագիտական բնույթի է, այլ` քաղաքագիտական, որովհետև, իմ խորին համոզմամբ, մեր օրերի իրադարձություններին պատմաբանը լիարժեք պատասխան և անաչառ գնահատական տալ չի կարող»: «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում երեկ նման կարծիք է հայտնել ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պ. գ. դ., պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանը` անդրադառնալով բուհական պատմության դասագրքում 2008-ի նախընտրական և հետընտիական շրջանի մասին ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի հեղինակած գլխին:
«Պետք է ժամանակ անցնի, համապատասխան աղբյուրների համապարփակ առկայություն լինի, որից հետո նոր հնարավոր լինի տալ սպառիչ պատասխան»,- ասել է Մելքոնյանը:
ԵՊՀ-ում, սակայն, բոլորովին այլ կարծիքի են: Երեկ հայտարարություն է տարածել ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը, որտեղ ասվում է. «Ցանկանում ենք ևս մեկ անգամ հիշեցնել որ վերոհիշյալ դասագիրքը, այդ թվում` նաև շահարկվող հատվածը շարադրվել են միմիայն փաստական տվյալների հիման վրա և զերծ են պատմաբանի սուբյեկտիվ մոտեցումներից»:







































