Գազի գինը կթանկացնեն փետրվարից հետո, էական չէ՝ մարտի՞, թե՞ ապրիլի 1-ից: Այսօր լրագորղներիհետ հանդիպման ժամանակ ՀԱԿ պատագամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ գազը կարելի է բոլորովին չթանկացնել, քանի որ երկրում՝ սահմանից մինչև սպառողին հասցվող գազն ավելի թանկ արժե, քան սահմանին, և հնարավոր է ներքին ծախսը կրճատելու հաշվին թանկացում կամ գոնե մեծ թանկացում թույլ չտալ: Ըստ Բագրատյանի՝ կարելի է նաև գազի ներմուծումից առաջացող ԱԱՀ-ով փոխհատուցել ոչ միայն կարիքավոր խավին, այլև բյուջետային ոլորտը:
«Այս ճամփով կառավարությունը չի գնա: Ավելին, մենք այսօր մղկտում ենք այն բանի համար, որ մեր երկիրը 95 %-ով գազաֆիկացված է: Սա էլ Կարեն Կարապետյանի նվերն էր էս երկրին: Բա աղքատ երկրում ո՞վ է դնում, 95 % գազաֆիկացնում: Ինչո՞ւ ես գազաֆիկացնում, եթե դրա 30%-ը գազ երբեք չի կարողանալու օգտագործել: Ինչո՞ւ ես գազաֆիկացնում ու թանկացնում ինքնարժեքը»,- ասաց Հ. Բագրատյանը՝ նշելով, որ գազը ՀՀ մտնելուց հետո ևս 200 դոլար է պետք, որ այն հասնի սպառողին.
«Կարեն Կարապետյանը ավերեց ու գնաց: Ու որ այսօր իրեն աշխատանքի են նշանակում, ինչ-որ մեկը հասկանում է, թե իբր այսօր Հայաստանին 180 դոլարով էր գազ տալիս, բայց իրականում, քանի որ երկուսն էլ «Գազպրոմն» է, 400 դոլարով էին գազ ծախում: Մենք վաղուց գազ գնում ենք 420 դոլարով. 132 հազ. դրամը բաժանեք կուրսի վրա, բազմապատկեք 1.27-ով, քանի որ կալորիականությունը ցածր է, ու ստանում եք 430 դոլար՝ եվրոպական գին»:
Հ. Բագրատյանը որպես օրինակ բերեց Վրաստանը, որը չլինելով ՌԴ-ին բարեկամ, գազն իր ժողովրդին խորանարդ մետրը 110 դրամով է վաճառում, ՀՀ-ում վաճառում են 132 դրամով:
«Մի ասեք մեզ, թե գազն էժան էր գալիս, հիմա թանկանում է: Դուք վերցնում եք մեծածախ գնի կոմպոնենտը: Եվ ո՞ւմ եք ուզում ֆռռացնել: Եվ այս «ֆռիկների» համար կառավարությունը պետք է պատասխան տա, անընդհատ խաբելու համար»,- ասաց Հ. Բագրատյանը:










































