Քաղաքական վիճակը Հայաստանում նորմալ է, սակայն վատ է այն, որ ընդդիմության դաշտում խարիզմատիկ առաջնորդ չկա, ինչը դժվար է դարձնում համաձայնությունը: «Վառ անհատականություններ են պետք, դա չկա, բայց ողբերգություն չէ: Իրականությունն այս է»,- «Հ2» հեռուստաընկերության «Խոսքի իրավունք» հաղորդման եթերում ասել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
«Հրապարակային քաղաքականություն չկա, որովհետև, ի դժբախտություն մեզ, Հայաստանում անկախությունից ի վեր կուսակցությունների կյանքի պրոգրես չեղավ, չհասկացվեց` դրանք շահերի խմբե՞ր են, թե՞ քաղաքական մարմիններ»,- ասել է Լևոն Շիրինյանը: Նա նշել է, որ խարիզմատիկ առաջնորդի իր չափանիշը Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանն է, որ եկավ և Հայաստանը հանեց մոխրից, դարձավ համազգային լիդեր. «Ես վերցնում եմ այս չափը ամեն տեղ, բայց դա չի նշանակում, որ եթե այսօր չկան վառ արտահայտված անհատականություններ, չեն էլ լինելու: Այս պահին չկա ժողովրդի հստակ համակրանքը վայելող անձ»:
Քաղաքագետը նշել է, որ անկախությունից ի վեր մենք տեսել ենք ընդդիմության փողոցային տարբերակը: Այս ընտրություններում էլ, ըստ նրա, փողոցային պայքարից ոչ ոք չի հրաժարվի:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի կարգավիճակին, ապա, ըստ Շիրինյանի. «ԲՀԿ-ն իրեն հայտարարել է «այլընտրանք», և եթե մենք նրանց կադրային բանկը տեսնենք, բավականին ինտելեկտուալ պոտենցիալ են կուտակել և այլընտրանքային զարգացման տարբերակ կարող են դիտվել: Որևէ մեկը թող բացի քաղաքագիտական հանրագիտարան և կտեսնի, որ կառուցողական օպոզիցիան լինում է այլընտրանքային ծրագիր ներկայացնող»:
Հնարավո՞ր են հետընտրական բախումներ Հայաստանում. այս հարցին ի պատասխան քաղաքագետը նշել է, որ նախորդ նախագահական ընտրությունների փորձը մեր քաղաքական կուրսը վարող գործիչներին հուշում է, որ վնասակար է բևեռացումը բախումների ճանապարհով տանելը: Ըստ նրա՝ իշխանությունը պետք է անսպասելի կոմպրոմիսների պատրաստ լինի, բայց կարևոր է նաև կոնսենսուսը:
Ընդդիմության համագործակցության եզրեր Լևոն Շիրինյանը տեսնում է, մասնավորապես` կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու առաջարկի շուրջ. «Ներկայացվել է պլատֆորմ, որը Հայաստանի արդիականացման, զարգացման պլատֆորմն է, որը հիմք է տալիս ինձ ենթադրելու, որ այս պլատֆորմի շուրջ միավորում կառաջանա: Դա գրավիչ գաղափար էր, որ շրջանառության մեջ դրվեց, և շատ կուսակցություններ դա ընդունում են»։
Քաղաքագետը կարևոր է համարում նաև, որ մեզ մոտ քաղաքական մշակույթը զարգանա, վեր կանգնի ինտրիգներից, և երկխոսեն նաև առաջին երկու տեղերը գրաված ուժերը: Խոսքը, սակայն, գործարքի մասին չէ:









































