Այսօր առավոտյան ժամը 10.00-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկօրյա պաշտոնական այցով վայրէջք կատարեց Լիբանանի օդանավակայանում:
Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հովհաննես Մխիթարյանը, օդանավակայանում նախագահ Սարգսյանին պատշաճ ընդունելություն էցուցաբերվել:
Հ. Մխիթարյանը տեղեկացրեց, որ օդանավակայանում Սերժ Սարգսյանին դիմավորել են Լիբանանի նախագահի ներկայացուցիչները, նախարարներ,նաև` հայազգի, պատգամավորներ և երեք կուսակցությունների ներկայացուցիչներ ու հայ համայնքի կրոնական ներկայացուցիչներ, որին հաջորդել է հանդիպում Լիբանանի նախագահական նստավայրում:
Հովհաննես Մխիթարյանը նշեց, որ Լիբանանում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ ՀՀ նախագահը Լիբանանում մի շարք հանդիպումներ կունենա: «Վաղն առավոտյան նա կհանդիպի Արամ Ա Վեհափառին, երեկոյան համայնքը` իր ներկայացուցչական դիմագծով, ընթրիքի է մասնակցելու նախագահի հետ: Սերժ Սարգսյանը հայկական համալսարանում հանդիպում կունենա նաև ուսանողության և երիտասարդության հետ: Բնականաբար, մենք իբրև կուսակցություն մեր հանդիպումները ևս համակարգել ենք դեսպանատան հետ»,- նշեց Հովհաննես Մխիթարյանը՝ ակնկալելով, որ այս հանդիպումների արդյունքում կսերտանա Հայաստան-Սփյուռք համագործակցությունը, մանավանդ` լիբանանահայություն-Հայաստան:
ՀՅԴ ներկայացուցչի համոզմամբ`ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Լիբանան մեծ նշանակություն և կարևորություն ունի լիբանանահայության համար: Նրա խոսքով՝ անկախ միջպետական հարաբերություններից, որոնք գոյություն ունեն երկու երկրների միջև,համայնքի համար այն շատ կարևոր է, նաև` տարածաշրջանային զարգացումների տեսակետից:
«Հանդիպումների արդյունքում ակնկալում ենք ավելի ջերմացնել գործակցությունը լիբանանահայության և Հայաստանի պետականության միջև:
Սիրիահայության վիճակը նման չէ լիբանանահայության կացությանը. այնտեղ սիրիահայերը դիմագրավում են այլ խնդիրների, իսկ այստեղ այդպես չէ: Մեզ անհրաժեշտ է լավ գործակցություն Հայաստանի հետ: Հուսով ենք` այս այցից հետ երկկողմ հարաբերություններն ավելի կզարգանան»,- եզրափակեց լիբանանահայ համայնքի ներկայացուցիչ, ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հովհաննես Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ մոտավորապես մեկ տարի առաջ Հայաստան էր այցելել Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը, որի ժամանակ կողմերը հաստատել էին երկու երկրների միջև առկա համագործակցության ուղիները:










































