Տիգրան Սարգսյանը Interfax գործակալության լրագրողներ Հովհաննես Քոսյանի ու Ալեքսանդր Կորզունի հետ հարցազրույցում պատասխանել է նաև 2013թ. նախագահական ընտրությունների հետ կապված հարցին, թե ինչպիսին է Հայաստանում ներքաղաքական մթնոլորտը, կատարել է նաև կանխատեսումներ:
Ըստ Տիգրան Սարգսյանի՝ իրավիճակը երկում նորմալ է, քանի որ Սերժ Սարգսյանին հաջողվել է 5 տարում փոխել Հայաստանում քաղաքական մթնոլորտը ու այն տեղափոխել համագործակցության, նորմալ քաղաքական մրցակցության, երկխոսության ու ապագայի տարբեր տեսլական ունեցող գաղափարախոսություն ունեցող կուսակցությունների խաղաղ գոյակցություն ու երկխոսության ուղի:
«Քաղաքական տարբեր ուժերի միջև ագրեսիվ հակամարտությունը, որը տեղ ուներ 2008թ., ու անդունդը, որը կար մեր հասարակությունում, հաջողվեց հաղթահարել շնորհիվ նախագահի նպատակաուղղված ջանքերի: Այսօր մենք ընտրությունների ենք գնում քաղաքականապես բարենպաստ մթնոլորտում, մենք տեսնում ենք, որ խորհրդարանում ներկայացված ուժերը հնարավորություն ունեն բաց կերպով հասարակությանը ներկայացնել իրենց դիրքորոշումը, դրա համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Նրա խոսքով՝ այս տարիների ընթացքում ձեռնարկվել են շատ կարևոր միջոցառումներ քաղաքացիական հասարակության կայացման համար, իսկ պատճառները, որոնք հարուցում են մարդկանց դժգոհությունը, վերացված են՝ շնորհիվ ՀՀ նախագահի վարած քաղաքականության:
«Մենք ընտրությունների ենք գնում բացարձակ այլ մթնոլորտում: Այս մասին են վկայում այս տարի կայացած խորհրդարանական ընտրությունները: Միջազգային կազմակերպություններն ակնհայտ առաջընթաց էին գրանցել ընտրական համակարգում ու խորհրդարանական ընտրությունները գնահատել նախորդների համեմատ կարևոր քայլ: Վստահ եմ՝ նախագահական ընտրությունները նույնպիսին կլինեն»,- ասել է նա:
Հարցին՝ ինչպիսի՞ն է իր ապագան տեսնում Հայաստանում նախագահական ընտրություններից հետո, ՀՀ վարչապետը պատասխանել է. «Ես լուսավոր ապագա եմ տեսնում: Իմ բնույթով ես լավատես եմ: Այդ պատճառով՝ կարծում եմ, ամեն ինչ լավ կլինի»:









































