ԱՄՆ-ում այսօր կիբերերկուշաբթի է՝ առցանց զեղչերի գագաթնակետը, որը սուրբծննդյան գնումների սեզոնը բացած «սև ուրբաթի» շարունակությունն է: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Շուկայի վերլուծաբաններն ակնկալում են, որ ԱՄՆ-ում առցանց գնումների մեկօրյա ծավալը հերթական ռեկորդը կսահմանի և կտատանվի 2 մլրդ դոլարի մակարդակում՝ անցած տարվանից 12 տոկոսով ավելի: Ընդ որում՝ գործարքների 20 տոկոսը, ըստ կանխատեսումների՝ կիրականացվեն սմարթֆոնների հատուկ հավելվածներով:
comScore-ի տվյալներով՝ ամերիկացիներն այսօր կծախսեն 1.5 մլրդ դոլար՝ 250 միլիոն դոլարով ավելի, քան անցած տարի:
Առցանց շուկայի 15 միլիոն անուն ապրանքների զեղչերը հասնում են 50 տոկոսի: Ամենամեծ զեղչերը (70 տոկոս) տարածվում են ոսկե զարդերի վրա:
Հատկանշական է, որ շատ առևտրականներ կիբերերկուշաբթին վերածել էին կիբերշաբաթվա՝ վաճառքը սկսելով ավելի վաղ: Մանրածախ առևտրականների ազգային ասոցացիան կանխատեսում է, որ սուրբծննդյան սեզոնին ամերիկացիները մանրածախ ապրանքների վրա 586.1 մլրդ դոլար կծախսեն:
Կիբերերկուշաբթի բառակապակցությունը ներմուծվել է 2005 թվականին: ԱՄՆ Մանրածախ առևտրի ազգային ֆեդերացիայի Արդյունաբերական խումբը Cyber Monday բառակապակցություն ներմուծելով, ցանկացել է նշանավորել օնլայն-շոփինգի զեղչերի սեզոնի մեկնարկը:










































