Եգիպտոսում զոհվել է մեկ, վիրավորվել մի քանի տասնյակ մարդ՝ երկրի նախագահ Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների բախումների հետևանքով: Ինչպես տեղեկացնում է ITAR-TASS-ը՝ 15-ամյա եգիպտացին զոհվել է ստացած վնասվածքներից, որոնք նա ստացել է Կահիրեից 150 կմ հեռավարության վրա գտնվող Դամանհուր քաղաքում:
Ավելի ուշ պարզվել է, որ զոհվածը «Մուսուլման եղբայրներ» ասոցացիայի ակտիվիստ է: Ինչպես ասվում է կազմակերպության հայտարարությունում, 15-ամյա Իսլամ Ֆաթհի Մասուդը սպանվել է իսլամիստների կենտրոնակայանը պաշտպանելիս, որի վրա հարձակվել էր «բալտագիան» (արաբերեն՝ «ավազակախումբ»), տուժել են նրանց մոտ 60 կողմնակիցներ: Նրանք հաստատում են, որ ոստիկանությունը մինչ բախումներն է դուրս բերվել շրջանից:
Կատաղի մարտերը բռնկվել են նոյեմբերի 25-ին, երբ քաղաքում ցուցարարների ամբոխը փորձել է գրոհել «Մուսուլման եղբայրների» տեղի ներկայացուցչության վրա: Երբ նախագահի կողմնակիցները փորձել են խորչընդոտել նրանց մուտքը, երկու կողմերի մասնակիցների ձեռքերում հայտնվել են մահակներ, քարեր, դյուրավառ հեղուկով շշեր: Զոհված երիտասարդը վնասվածք էր ստացել գլխին և մահկանացուն կնքել հիվանդանոցի ճանապարհին:
Մուրսիի վերջին որոշումների (որոնցով նա ընդլայնել է իր լիազորությունները) դեմ հանդես եկողների և իսլամիստների միջև բախումները շարունակվում են Եգիպտոսում նոյեմեբրի 22-ից: Տուժել է շուրջ 500 մարդ, սակայն դեռահասն առաջին զոհն էր:










































