Միլանի ոստիկանությունը հայտարարել է վեց մարդու ձերբակալության մասին, որոնց մեղադրում են Սիլվիո Բեռլուսկոնիի մերձավոր օգնական, հաշվապահ Ջուզեպպե Սպինելիին առևանգելու համար:
Հայտնի է, որ հոկտեմբերի 16-ին 71-ամյա Սպինելիի տուն էին ներխուժել 3 զինված տղամարդիկ:
Նրանք կապել էին Ջուզեպպեին և նրա տիկնոջը` Աննային: Ատրճանակով սպառնալով` ահաբեկիչները պահանջել էին, որ Սպինելին զանգահարի Բեռլուսկոնիին: Իտալիայի նախկին վարչապետի վախեցած օգնականը կատարել էր նրանց պահանջը:
Հանցագործները Բեռլուսկոնիին հայտարարել էին, որ նրանք ապացույց ունեն, որ Սիլվիոն խաբվել է բիզնեսում նախկին գործընկեր Ջանֆրանկո Ֆինիի կողմից:
Իրոք, Բեռլուսկոնին Ֆինիի հետ դատական գործընթացի մեջ էր, և վեճի գինը կազմում էր 560 միլիոն եվրո: Հանցագործները տեղեկության դիմաց 35 միլիոն եվրո էին պահանջում: նրանք նաև սպառնացել էին առևանգել Սպինելիին, նրա կնոջն ու դստերը, եթե Բեռլուսկոնին մերժեր:
Բեռլուսկոնին կապվել էր իր փաստաբան Նիկոլո Գեդինիի հետ, որը հետագայում բանակցություններ էր վարում: Գենդինիի խոսքով` շուտով նա պարզել է, որ հանցագործների մոտ ոչինչ չկա: Փաստաբանն այդ մասին պատմել էր Բեռլուսկոնիին, և նա Սպանելիի տուն էր ուղարկել իր երկու թիկնապահներին: Ջուզեպպեն ու նրա կինը 24 ժամ անց ազատ էին արձակվել: Նրանք չէին տուժել:
Գենդինին երդվել է, որ հանցագործները ոչ մի գումար չեն ստացել: Ոստիկանությանը դիմել էին այն բանից հետո, երբ Սիլվիո Բեռլուսկոնին համոզվել էր, որ իր օգնականի հետ ամեն ինչ կարգին է:
Հանցագործներին հաջողվել է գտնել մատնահետքերի միջոցով:
Միլանի դատախազությունը կասկածում է, որ հանցագործներին ոչինչ չեն վճարել: Քննիչները կարծում են, որ հանցագործներն առևանգվածներին ազատ են արձակել 8 միլիոն եվրո ստանալուց հետո:









































