Տեխնիկական խոտանի պատճառով «սառը դադարի» վիճակի է բերվել Ֆրանսիայի հյուսիսարևմտյան Մանշ դեպարտամենտում գտնվող «Ֆլամանվիլ» ԱԷԿ-ի առաջին ռեակտորը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը` հղում անելով ատոմակայանի օպերատոր հանդիսացող Électricité de France էներգետիկ ընկերությանը:
«Անսարքությունները հայտնաբերվել են կափույրներից մեկի ստուգման ժամանակ: Շրջակա միջավայրի աղտոտում չկա»,-հայտնել են ընկերությունում: Ատոմակայանի աշխատակիցները որոշում են ընդունել դադարեցնել նոյեմբերի 19-ին գործարկված ռեակտորի աշխատանքը: Մինչ այդ երեք շաբաթ առաջին էներգաբլոկը չէր աշխատել վթարից հետո:
Հոկտեմբերի 24-ին առաջին ռեակտորի օժանդակ գծերից մեկում տեղի էր ունեցել ռադիոակտիվ արտահոսք:
1.3 ՄՎտ հզորությամբ երկու ռեկատորները շահագործման են հանձնվել 1986 և 1987 թթ.: Այժմ օպերատորն այնտեղ իրականացնում է նոր եվրոպական ռեակտորով երրորդ էներգաբլոկի շինարարություն: Երրորդ էներգաբլոկի աշխատանքի մեկնարկը նախատեսված է 2016-ին:







































