Սինայի թերակղզում պայթեցրել են Եգիպտոսի հետախուզական ծառայության գրասենյակը: Դեպքը տեղի է ունեցել Գազայի հատվածին սահմանակից Ռաֆա քաղաքում: Այս մասին փոխանցում է Al-Arabiya հեռուստաալիքը:
Պայթյունի հետևանքով շենքի մի մասը մեծապես վնասվել է: Ներկայում հետախուզական գրասենյակը շրջապատված է ուժային գերատեսչությունների աշխատակիցներով, որոնք տարածքում ստուգում են պայթուցիկների առկայությունը:
Նախնական տեղեկություններով՝ ահաբեկչությունը, հնարավոր է, իրականացրել են իսլամիստ գրոհայինները, որոնք Սինայի թերակղզում պայքարում են կենտրոնական կառավարության դեմ:
Հոկտեմբերին Եգիպտոսի անվտանգության ծառայությունները հասցվել են պատրաստականության «ամենաբարձր» աստիճանի՝ Սինայի թերակղզու հյուսիսում ահաբեկչական հարձակումները ետ մղելու նպատակով: Երկրի հետախուզական ծառայությունները տեղեկություն էին ստացել այն մասին, որ Գազայի հատվածում սալաֆիների առաջնորդներից մեկի մահից հետո իսլամիստ ծայրահեղականները պատրաստվում են «վրեժի ակցիա» անցկացնել ոչ միայն իսրայելցիների, այլև Սինայում Եգիպտոսի կառավարական ուժերի դեմ:











































