Եգիպտոսի գերագույն իրավաբանական խորհուրդը սահմանադրության հռչակագրում երկրի նախագահ Մուհամմադ Մուրսիի կատարած փոփոխություններն անվանել է «աննախադեպ հարձակում» երկրի դատական համակարգի անկախության վրա, հաղորդում է Rosbalt-ը:
Երկրի գերագույն իրավաբանական մարմինն արտահերթ խորհրդակցությունից հետո Եգիպտոսի նախագահին կոչ է արել սահմանադրության հռչակագրից հանել այն ամենը, ինչը հակասում է օրենքի իշխանությանը:
Հիշեցնենք, որ հինգշաբթի Եգիպտոսի նախագահ Մուհամմադ Մուրսին հրապարակել է սահմանադրական հռչակագիր, որի համաձայն՝ Մուրսիի` նախագահի պաշտոնը զբաղեցնելու պահից ի վեր ստորագրած ցանկացած օրենք և հրամանագիր չի կարող բողոքարկվել կամ չեղյալ հայտարարվել:
Եգիպտոսի շատ քաղաքներում տեղի են ունեցել բողոքի ցույցեր ընդդեմ Մուրսիի որոշումների: Մի շարք ցույցեր ուղեկցվել են ոստիկանների և ցուցարարների միջև բախումներով, որոնց հետևանքով, ընդհանուր առմամբ, տուժել է շուրջ 100 մարդ:










































