Առաջիկա հանգստյան օրերին եվրոպական առաջատար ֆուտբոլային առաջնություններում տեղի կունենան ընթացիկ մրցաշրջանի հերթական տուրերը:
Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի կենտրոնական խաղը կկայանա «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում: Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Լոնդոնի «Չելսի»-ն կընդունի Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ին: Մրցաշարային աղյուսակը գլխավորող «քաղաքայիններին» բարդ փորձություն է սպասվում, քանի որ մրցակիցն ամեն ինչ անելու է նոր գլխավոր մարզչի՝ Ռաֆայել Բենիտեսի գլխավորությամբ առաջին խաղում առաջին 3 միավորը վաստակելու համար: Մանչեսթերյան մյուս ակումբը՝ «Յունայթեդ»-ը, սեփական հարկի տակ իր ուժերն է չափելու «Քուինզ Պարկ Ռեյնջերս»-ի հետ, որը 12 տուրերից հետո վաստակած 4 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Արսեն Վենգերի «Արսենալ»-ը մրցակցի հարկի տակ կփորձի առավելության հասնել «Ասթոն Վիլլա»-ի նկատմամբ, որը 9 միավորով 18-րդ տեղում է: «Լիվերպուլ»-ը պայքարելու է «Սուոնսի»-ի դեմ: Միքայել Լաուդրուպի թիմն ընթացիկ մրցաշրջանում նույնպես հաջող է հանդես գալիս և առայժմ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը:
Մրցաշարային աղյուսակը վաստակած 28 միավորով գլխավորում է «Մանչեսթեր Սիթի»-ն, իսկ «Յունայթեդ»-ը 1 միավոր պակաս է վաստակել և երկրորդ տեղում է: «Չելսի»-ն վաստակել է 24 միավոր, իսկ լավագույն քառյակը եզրափակող «Վեսթ Բրոմվիչը»՝ 23 միավոր:
10 գոլով ռմբարկուների ցուցակը գլխավորում է «Լիվերպուլ»-ի հարձակվող Լուիս Սուարեսը: 8-ական գոլ են խփել «Նյուքասլ»-ի ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվողներ Դեմբա Բան ու Ռոբին վան Պերսին:
Պրեմիեր լիգա, 13-րդ տուր. 24.11. «Սանդերլենդ» – «Վեսթ Բրոմվիչ», «Էվերթոն» – «Նորվիչ», «Մանչեսթեր Յունայթեդ» – ՔՓՌ, «Սթոք Սիթի» – «Ֆուլհեմ», «Ուիգան» – «Ռիդինգ», «Ասթոն Վիլլա» – «Արսենալ»: 25.11. «Սուոնսի» – «Լիվերպուլ», «Սաութհեմփթոն» – «Նյուքասլ», «Չելսի» – «Մանչեսթեր Սիթի», «Տոտենհեմ» – «Վեսթ Հեմ»:








































