Թուրքական Yurt թերթի փոխանցմամբ` կիրակի Անկարա է ժամանելու ԱՄՆ-ի, Գերմանիայի ու Նիդերլանդների ռազմական պատվիրակությունը: Անկարայում մի շարք հանդիպումներ անցկացնելուց հետո պատվիրակությունը կմեկնի երկրի հարավարևելյան և արևելյան շրջաններ` Patriot զենիթա-հրթիռային համալիրների տեղակայման վայրի ընտրության նպատակով հետազոտություն անցկացնելու համար:
Ակնկալվում է, որ Patriot համակարգերի վեց մարտկոցներ կտեղակայվեն Դիարբեքիրում, Ուրֆայում և Մալաթիայում: ՆԱՏՕ-ի պատվիրակությունը հետազոտություն է անցկացնելու հենց այս երեք քաղաքներում: 40 հոգանոց այդ պատվիրակությունը զննելու է վեց կետում Patriot համակարգերի տեղակայման նպատակահարմարությունը և դրանից բխող ռիսկերը:
Նշվում է, որ մեկ միավոր Patriot համակարգն արժե 4-5 միլիոն դոլար: Քանի որ դրանց սպասարկման համար Թուրքիայում չկան համապատասխան մասնագետներ, ուստիև դրանց տեղակայումից հետո այդ համակարգերի սպասարկումն իրականացնելու են ՆԱՏՕ-ի մասնագետները` թվով 500 մարդ:










































