Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին ուրբաթ օրը հանդես գալով իր կողմնակիցների առջև՝ ընդդիմությանը կոչ է արել բողոքել օրինական ճանապարհով, և հայտարարել է, որ չի հրաժարվի իր ընդունած Սահմանադրական հռչակագրից։ Այս մասին հաղորդում են արաբական ԶԼՄ-ները:
Հինգշաբթի երեկոյան եգիպտական առաջնորդի գրասենյակը հրապարակել էր երկրի Սահմանադրական նոր հռչակագիրը, որը նախագահին տալիս է բացառապես օրենսդիր լիազորություններ:
«Իմ կողմից ընդունված որոշումն ուղղված է քաղաքական և սոցիալական կայունության համար նախկին իշխանությունը վերջնականապես փոխելուն»,- ասել է Մուրսին՝ դիմելով իր հազարավոր կողմնակիցներին, ովքեր երեկոյան հավաքվել են Կահիրեում նախագահական նստավայրի մոտ:
Նախագահը հաղորդել է նաև, որ ինքը մտադիր չէ փոխել իր որոշումը, որը նա անվանել է «ժողովրդավարության ճանապարհ»:
Ընդ որում, երկրի ղեկավարն ընդդիմությանը բնորոշել է որպես «անցյալից եկած խոչընդոտ», որը «վտանգ է ներկայացնում հեղափոխության համար»։









































