Սաուդյան Արաբիան ներմուծել է կանանց հետևելու էլեկտրոնային համակարգ, որը հնարավորություն կտա հետևել նրանց սահմանն անցնելիս։ Այս մասին տեղեկացնում է Agence France-Presse-ը:
Կանանց խնամակալներն (որպես կանոն՝ նրանց հայրերը, ամուսիններն ու եղբայրները) այժմ իրենց հեռախոսներին հաղորդագրություններ կստանան, եթե իրենց ազգականուհին փորձի թողնել երկիրը: Դա տեղի կունենա նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք միասին լինեն:
Ինչպես տեղեկացնում է Al Arabiya-ն, երկիրն այսպիսի միջոցների է դիմել այն դեպքից հետո, երբ ընտանեկան վեճերից հոգնած կինը փախել էր Շվեդիա: Նա սահմանն անցնելու համար իր հոր թույլտվությունը չէր ստացել, իսկ Սաուդյան Արաբիայի օրենքների համաձայն՝ կինն առանց իր խնամակալի գրավոր թույլտվության իրավունք չունի ճանապարհորդել: Նրան օգնած տղամարդկանցից մեկը ձերբակալված է:
Էլեկտրոնային համակարգի մասին տեղեկատվությունը տարածել է սաուդյան ակտիվիստ Մանալ Ալ-Շարիֆը, ով հայտնի է որպես կանանց մեքենա վարելու իրավունքի պաշտպան: Սաուդյան Արաբիայում դա կանանց արգելված է: 2011 թ. Ալ-Շարիֆը 10 օրով ազատազրկվել էր քաղաքում մեքենա վարելու և դրա տեսագրությունը YouTube-ում տեղադրելու համար:
Շարիաթի օրենքների պատճառով կանանց իրավունքները Սաուդյան Արաբիայում խիստ սահմանափակ են: Միայն 2012 թ. են նրանց թույլատրել մասնակցել օլիմպիական խաղերին: 2011 թ. սեպտեմբերին սաուդյան կանանց առաջին անգամ թույլատրվել է մասնակցել 2015 թ. կայանալիք տեղական ընտրություններին:







































