Վարշավայի դատախազությունը Ռուսաստանի, Գերմանիայի և ԱՄՆ-ի իրավապահ մարմիններին դիմել է Սմոլենսկի մոտ Ту-154 լեհական ինքնաթիռի վթարի զոհերի լուանկարները սերվերներից ջնջելու խնդրանքով։ Այս մասին հայտնել է Վարշավայի ռազմական դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Ռենատա Մազուրը:
Վառված դիակների լուսանկարները, որոնցից մեկում նախագահ Լեհ Կաչինսկու դին է, սեպտեմբերին հայտնվել էր համացանցում ռուս օգտատերերից մեկի բլոգում:
«Մենք դիմել ենք՝ Ռուսաստանում, Գերմանիայում և ԱՄՆ-ում գտնվող սերվերներից այդ նյութերը ջնջելու համար իրավաբանական օգնություն ստանալու ակնկալիքով: Դիմումում նշված են սերվերների հասցեները: Եթե դրանք արդեն ոչնչացված են, ապա մենք այդ մասին պատասխան ենք ակնկալում»,- ասել է Մազուրը: Ըստ նրա՝ Գերմանիային հարցումը ուղիղ է ներկայացվել, իսկ Ռուսաստանին և ԱՄՆ–ին կփոխանցվի գլխավոր դատախազության միջոցով։
Այդ լուսանկարների հրապարակումը Լեհաստանում վրդովմունք էր առաջացրել: Երկրի ԱԳՆ–ը ՌԴ-ից պահանջել էր պարզել արտահոսքի աղբյուրը, քանի որ Լեհաստանի ներքին անվտանգության ծառայությունն իր գործընկերներին խնդրել էր արգելափակել այդ նյութերը:








































