Ներքին Սաքսոնիայի Բյուկեբուրգ քաղաքի զորանոցում Բունդեսվերի զինծառայողի բռնաբարությունից հետո 500 զինվոր ԴՆԹ թեստ կանցնի։ Այս մասին գրում է Die Welt-ը: Հետազոտողները եզրակացրել են, որ կնոջը բռնաբարել և պահարանում փակել է ծառայողներից մեկը, ուստի նրանց առաջարկվել է ինքնակամ ԴՆԹ ստուգում անցնել, եթե ուզում են իրենց վրայից հանել կասկածը:
Բյուկեբուրգի դատախազությունը հայտարարել է, որ կասակածի տակ են բոլոր տղամարդ զինծառայողները, որոնք, ենթադրաբար, հանցագործության պահին զորանոցում են եղել: Թեստավորման ստույգ օրն առայժմ չի նշանակվել, դատախազները հույս չունեն, որ արդյունքը պարզ կլինի ընթացիկ տարում:
Դեպքը, որը քննում է դատախազությունը, տեղի է ունեցել օգոստոսի 12-ին: Անհայտ անձը զորանոցում բռնաբարել է 25-ամյա զինծառայող կնոջը, կապել նրան և փակել պահարանում: Նա կնոջ մոտ բջջային հեռախոս է թողել, որպեսզի նա կարողանա օգնություն կանչել: Թե ով և ինչպես է կնոջն ազատել, չեն հայտնում: Դեպքի վայրում քննիչները մի տղամարդու ԴՆԹ-ի նմուշ են գտել:
Սկզբում դատախազությունը ենթադրել է, որ հանցագործը կնոջ ծանոթներից է եղել, ստուգվել են տուժածի շրջապատի բոլոր տղամարդիկ, նրանցից ոչ մեկի ԴՆԹ-ն չի համընկել հայտնաբերված նմուշի հետ: Այժմ կասկածի տակ են զորանոցի զինվորները:








































