Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ: Ռուսաստանի ԱԳՆ-ի մամլո ծառայության հաղորդմամբ՝ այս հեռախոսազրույցի նախաձեռնողը եղել է ՆԱՏՕ-ն:
Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են Թուրքիայում (թուրք-սիրիական սահմանին) Patriot համակարգերի տեղակայման հարցը: Ռասմուսենը Լավրովին իրազեկել է այդ հարցով թուրքական դիմումի մասին: Լավրովն իր հերթին հաստատել է ռուսական կողմի մտահոգությունը՝ կապված տարածաշրջանում ռազմական պոտենցիալի ընդլայնման պլանների հետ:
Լավրովը Ռասմուսենին առաջարկել է կապի ուղիղ գիծ հաստատել Անկարայի ու Դամասկոսի միջև՝ միջադեպերի բացառման համար: Հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է նաև դեկտեմբերի 4-ին Բրյուսելում կայանալիք Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստի նախապատրաստման հարցը:
Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ Patriot-ների տեղակայման հարցով ՆԱՏՕ-ն պատվիրակություն է գործուղում Թուրքիա: Ակնկալվում է, որ Patriot-ներից բացի, ՆԱՏՕ-ն Թուրքիա է ուղարկելու 250-300 հոգանոց անձնակազմ, որը կսպասարկի այդ համակարգերը: