Թուրքական Cihan լրատվական գործակալությունը, վկայակոչելով իր վստահելի աղբյուրներին, հայտնում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիա է ժամանելու դեկտեմբերի 3-ին: Թուրքիայում Պուտինը մասնակցելու է ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի երրորդ նիստին, որը կայանալու է Ստամբուլում:
Պլանավորված է, որ Պուտինի թուրքական այցի շրջանակներում կողմերը ստորագրելու են 5 պայմանագիր, որոնք առնչվելու են տնտեսական, մշակութային, առևտրային և այլ ոլորտներին: Պլանավորված է նաև, որ վարչապետ Ռեջեփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը համատեղ մամուլի ասուլիս են տալու:
Նշվում է, որ Պուտինը Թուրքիա է այցելում պատմական ժամանակաշրջանում, երբ Սիրիայի ճգնաժամի պատճառով լարվել են երկու երկրների հարաբերությունները: Ակնկալվում է, որ Պուտինն արծարծելու է սիրիական ինքնաթիռից առգրավված բեռան վերադարձի հարցը: Բացի այդ, Պուտինն ու Էրդողանը քննարկելու են իսրայելա-պաղեստինյան հարաբերությունների հարցը, Իրանի միջուկային ծրագիրը, Կիպրոսի հարցը և միջազգային նշանակություն ունեցող այլ կարևոր խնդիրներ:
Կողմերը քննարկելու են նաև երկկողմանի տնտեսական ու առևտրային հարաբերությունների զարգացման հարցը: Տարեվերջի դրությամբ, երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմելու է 35 միլիարդ դոլար: Պլանավորված է այդ ցուցանիշը հասցնել 100 միլիարդ դոլարի:
Հիշեցնենք, որ Ռուսաստանն իր դժգոհությունն է հայտնել Patriot զենիթա-հրթիռային համալիրների ստացման հարցով ՆԱՏՕ-ին Թուրքիայի դիմելու կապակցությամբ:










































