Քրեաօլիգարխիկ ռեժիմն ունենում է միայն մեկ թեկնածու: Նման կարծիք «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց ՌԱՀԿ փորձագետ Սարո Սարոյանը՝ անդրադառնալով այն կարծիքներին, թե Գագիկ Ծառուկյանի առաջադրումը նախագահական ընտրություններում հրամայական է Ռուսաստանի կողմից.
«Հայաստանյան քաղաքական դաշտում վերջին տարիներին արտաքին ներգործության արդյունքում հաստատված խաղի կանոնները ենթադրում են, որ այդ թեկնածուն իր «դոբրոն» պետք է ստանա Մոսկվայից: Հիմա մենք դեռևս գտնվում ենք ինտենսիվ բանակցությունների փուլում: Որպեսզի վերմակն իրենցով ծածկեն, հիմնական երկու-երեք հավակնորդները կեղծ ցուցադրություններ են անում, թե Կրեմլի թեկնածուն իրենք են: Սակայն միաժամանակ անձամբ կամ լիազորների միջոցով շտապում են Մոսկվա` համոզելու «պապային» ու նրա «շքախմբին», որ «պապան» կանգ առնի իրենց թեկնածության վրա: Երբ վերջնականապես որոշվի «դոբրոն» ում է բաժին հասնում, այդժամ էլ կավարտվեն ներքին ինտրիգները, միմյանց միջև կպայմանավորվեն ոլորտների ու տարածքների բաժանման շուրջ` հաշվի առնելով տվյալ օրվա ուժերի հարաբերակցությունը, ու կգնան ընտրությունների մեկ իշխանական թեկնածուի շուրջ համախմբված կամ մեկ իշխանական թեկնածուի և «Տրոյական ձիերով» շրջապատված:
Նշվածը հաշվի առնելով` կարող եմ ենթադրել, որ իշխանական թեկնածուին լուրջ մրցակից կարող է լինել միայն քաղաքացիական շրջանակների կողմից առաջադրված այն թեկնածուն, որը խաչ կքաշի կուսակցական բոլոր թեկնածուների վրա, կպնդի մինչև ընտրությունների օրը ռեժիմին տապալելու ծրագրի մասին ու կգնա պայքարի հենց այդ օրակարգով: Այլ դեպքերում ի՞նչ հաղթանակի մասին կարող է խոսք լինել, երբ ընտրական ողջ գործընթացը վերահսկվում է ռեժիմի կողմից»,- նշեց փորձագետը:











































