1920թ. այս օրը Հայաստանի խորհրդարանն ընդունեց Համո Օհանջանյանի կառավարության հրաժարականը:
Խատիսյանի հրաժարականից հետո նշանակվեց նոր կառավարություն. ՀՅԴ բյուրոն անցավ իշխանության՝ Համո Օհանջանյանի գլխավորությամբ: Այս կառավարությունը կոչվում էր նաև բյուրո-կառավարություն: Նոր կառավարությունը հայտարարեց, թե հայրենիքը վտանգի մեջ է. «Տաճիկ փաշաները մի կողմից, բոլշևիզմի կարմիր պատմուճանը հագած ադրբեջանյան խաները մյուս կողմից նորից սպառնում են Հայաստանի անկախությանն ու ազատությանը», – ասված էր կառավարության՝ ժողովրդին ուղղված ուղերձի մեջ, որտեղ հորդորվում էր՝ համախմբվել կառավարության շուրջը:
Հայաստանը, ինչպես դիպուկ բնորոշել է Սիմոն Վրացյանը, այդ ժամանակահատվածում հայտնվել էր «բոլշևիկեան մուրճին և քեմալական սալին միջև»: 1920թ. օգոստոսի 10-ին ստորագրվեց Սևրի դաշնագիրը: Բզկտվելով «բոլշևիկյան մուրճի և քեմալական սալի միջև»՝ կռվելով երկու ճակատներում՝ կառավարության դիվանագիտական ջանքերն ի դերև ելան: Զինադադարի դաժան պայմանների կնքումով՝ Օհանջանյանի կառավարությունը կորցրեց իր հեղինակությունը ժողովրդի աչքին: Ամեն կողմից պահանջվում էր Օհանջանյանի կառավարության հրաժարականը: Ինքն էլ՝ վարչապետը, աշխատում էր օր առաջ ազատվել իր ուսերին ծանրացած պարտականություններից:
Նոյեմբերի 23-ին Համո Օհանջանյանի կառավարությունը հրաժարական ներկայացրեց. «Բացվում է նոր շրջան, քաղաքական ուժերի նոր սիտուացիա… իմ կառավարությունը ներկայացրեց իր հրաժարականը՝ նկատի ունենալով հանրապետության շահերը», – ասաց Համո Օհանջանյանը՝ դիմելով խորհրդարանին:
Խորհրդարանը կատարեց նոր նախարարապետի ընտրություն: Առաջին հանրապետության վերջին վարչապետ դարձավ Սիմոն Վրացյանը:









































