Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանն առաջարկել է ստեղծել Իսլամական ութնյակի (D8) երկրների համատեղ բանկ: Տվյալ առաջարկը հնչեցրել է Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Մահմուդ Բահմանին:
Վերջինս գլխավորել է Իրանի Կենտրոնական բանկի փորձագետների խումբը, որն Իսլամաբադում մասնակցել է D8-ի երկրների կենտրոնական բանկերի ղեկավարների երկրորդ հանդիպմանը: Բահմանին ընդգծել է, որ համատեղ բանկի համար նպատակահարմար կլիներ օգտագործել ոչ թե դոլար կամ եվրո, այլ մեկ ուրիշ արժույթ:
Բահմանին գոհունակություն է հայտնել D8-ի երկրների միջև վերջին 5 տարիներին ապրանքաշրջանառության մեծացման կապակցությամբ՝ ընդգծելով, որ պետք է վերացվեն առևտրային սահմանափակումներն ու արգելքները՝ D8-ի երկրների միջև համագործակցության հետագա ընդլայնումն ապահովելու համար:
Հիշեցնենք, որ Իսլամական ութնյակի մեջ են մտնում Իրանը, Թուրքիան, Եգիպտոսը, Ինդոնեզիան, Նիգերիան, Պակիստանը, Մալայզիան, Բանգլադեշը:









































