Ազգային ժողովի շենքի դիմաց այսօր տեղի ունեցավ բողոքի ակցիա: Հավաքվածները պահանջում էին, որպեսզի տեղի ունենա արտահերթ նիստ՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Իշխող Հանրապետականի, «Օրինաց երկրի» բոլոր պատգամավորները և «Բարգավաճ Հայաստան»-ի 6 պատգամավորներ այդպես էլ չներկայացան նիստին:
Ակցիային ելույթ ունեցավ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը: Նա մասնավորապես նշեց, որ անընդունելի է Հանրապետական կուսակցության պատգամավորների բացակայությունը:
«Երեկ Լևոն Զուրաբյանը մի քանի կետերի շուրջ փոխզիջումների առաջարկներ արեց: Մենք մինչև վերջին պահը կարծում էինք, որ Հանրապետականը կգար: Նրանք պարտավոր էին գալ, խոսել, քննարկել: Պետք է գային՝ դրսին, ներսին ապացուցելու, որ պատրաստ են ազատ ժողովրդավարական ընտրությունների: Այս քայլով նրանք ցույց տվեցին, որ թքած ունեն ժողովրդի, հասարակության ցանկացած պահանջի վրա:
Չի կարելի այսպես. պետք է ազատ թողնեին, ով ուզում էր` գար, ով չէ՝ չէ: Գային, քննարկեինք, բանավիճեին ու թող դեմ քվեարկեին: Այսպես նրանք ամբողջ աշխարհին ցույց տվեցին, որ պատրաստ չեն ազատ և արդար ընտրությունների»,- նշեց Ա. Մանուկյանը:
ՀԱԿ-ի կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ելույթով հանդես է եկել նաև ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը: Նա համոզմունք է հայտնել, որ ոչ իշխանական ուժերը պետք է ընդհանուր մոտեցում ունենան, որպեսզի նախագահական ընտրություններից հետո կարողանան փոփոխություններ կատարել:
Միաժամանակ Օսկանյանը հույս է հայտնել. «Աստված տա՝ նաև միասնական թեկնածու ունենանք»:







































