Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թեհրանի հարավում գտնվող մոթելներից մեկում հայտնաբերվել և վնասազերծվել է աֆրիկյան երկրներից ժամանած բանդա: Այս մասին հայտարարել է Թեհրանի միգրացիոն ոստիկանության ղեկավար, Իսլամական հեղափոխության պահակազորի բրիգադի գեներալ Մահմուդ Սադեգին:
Վերջինիս խոսքերով՝ 4 անձանցից բաղկացած աֆրիկյան բանդան զբաղվել է կեղծ դոլարների պատրաստմամբ ու տարածմամբ: Նա հավելել է, որ խուզարկության ժամանակ ձերբակալվածների մոտ հայտնաբերվել են պատրաստի դոլարներ, եվրո, քիմիական նյութեր ու թղթադրամի տպագրման թղթեր: Ձերբակալվածները եղել են 25-35 տարեկան:
Վերջիններս արտասահմանից Իրան են ժամանել երկրում արտարժույթի մեծ պահանջարկի շնորհիվ շահույթ ստանալու նպատակով: Տվյալ անձինք սոցցանցերով փնտրել են արտարժույթ գնել ցանկացողներին և առաջարկել են գնել իրենց տպած դոլարները:










































