Թուրքական Haber7 լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիան «Անդրանատոլիական գազատարի» (TANAP) նախագծի շրջանակներում պատրաստվում է ներդնել 10 միլիարդ դոլար: Այդ գազատարը նախատեսված է ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով Եվրոպա հասցնելու համար:
Ընդհանուր առմամբ, TANAP-ի նախագծի ներդրումային ծրագիրը հստակություն կստանա հաջորդ տարվա հունիսին: Կանխատեսվում է, որ 2017 թվականին այդ խողովակաշարը շահագործման հանձնելու համար անհրաժեշտ կլինի ներդնել 40 միլիարդ դոլար, որից 25 միլիարդ դոլարը ծախսվելու է Կասպից ծովում գտնվող ադրբեջանական գազահանքերի զարգացման համար:
Վրացական հատվածում պետք է ծախսվի 2 միլիարդ դոլար, իսկ թուրքական հատվածում՝ 10 միլիարդ դոլար՝ ողջ ծախսերի 40 տոկոսը: Այս նախագծի իրագործումը լրջորեն կնվազեցնի ռուսական գազի ներկրումից Թուրքիայի ունեցած մեծ կախվածությունը: Ներկայումս Թուրքիան իր գազի 60 տոկոսը ներկրում է Ռուսաստանից: Բացի այդ, Թուրքիան կվերածվի Հարավային գազային միջանցքի էներգետիկ կենտրոնի: Եվրոպան նույնպես կօգտվի այս գազատարի կառուցումից:










































