Novostik.ru-ի փոխանցմամբ՝ ադրբեջանցի հայտնի կինոդրամատուրգ, ռեժիսոր Ռուստամ Իբրահիմբեկովը AzNews.az կայքին տված հարցազրույցի ժամանակ մեկնաբանել է պատգամավոր Գանիրա Փաշաևայի առաջարկը՝ Ղարաբաղի վերաբերյալ ադրբեջանական տեսակետից նկարահանել բարձրորակ ֆիլմեր և ուղարկել դրանք միջազգային փառատոների.
«Այդպիսի ֆիլմեր պետք է նկարահանել, սակայն պետք է հաշվի առնել նաև այն, որ դրանք նայելու է միջազգային հանրությունը, և գեղարվեստական տեսանկյունից ֆիլմը պետք է գտնվի բարձր մակարդակի վրա:
Այսինքն՝ մի կողմից մենք պետք է ներկայացնենք մեր դիրքորոշումը, իսկ մյուս կողմից՝ պաշտպանվենք գեղարվեստաբար, որպեսզի մեզ չմեղադրեն քարոզչության մեջ: Դա շատ նուրբ հարց է, և դրա համար էլ արվեստի ոլորտում պետք է աշխատեն խելամիտ մարդիկ: Ես 100 տոկոսով վստահ եմ, որ մեզ անհրաժեշտ է այդպիսի ֆիլմ:
Մենք արդեն իսկ տվյալ հարցում 5-6 տարով հետ ենք ընկել հայերից: Հայերն արդեն իսկ այդ թեմայով նկարահանել են մի քանի հաջող ֆիլմեր, և ի՞նչ ենք մենք հակադրում նրանց: Ադրբեջանի իշխանությունները միայն հարստություն են կուտակում, իսկ ղարաբաղյան թեման չի հետաքրքրում նրանց»:
Իբրահիմբեկովը քննադատել է նաև ադրբեջանական քարոզչությանը ծառայելու նպատակով նկարահանված «Խոջա» ֆիլմը՝ ափսոսանք հայտնելով դրա մակարդակի մասին: Նա ընդգծել է, որ այդ մակարդակի ֆիլմը կարող է պետք գալ ներքին լսարանի հայրենասիրական ոգին բարձրացնելու համար, սակայն միջազգային արենայում դրա ցուցադրումը կվնասի Ադրբեջանին:











































