ԱՄՆ Ուայթհաուս քաղաքի երկու բնակիչներ թանկ են վճարել իրենց հետաքրքրասիրության համար: Տեսնելով եղջերուին տան բակում՝ նրանք փորձել են մոտենալ նրան, սակայն եղջերավոր հյուրին դա դուր չի եկել:
Ինչպես հաղորդում է The Huffington Post-ը, Ջոզեֆ Ռոուզը և Քոուլ Քելիսը ուրբաթ առավոտյան պատրաստվել են դուրս գալ տնից: Սակայն նրանց ծրագրերը փոխել է հսկայական եղջերուն, որը ինչ-որ կերպ հայտնվել էր նրանց հետնաբակում:
Ռոուզին կենդանին բավականին մարդամոտ է թվացել: Տղամարդը որոշել է մոտենալ նրան, որպեսզի շոյի: Այդ պահին կոտոշավոր հյուրը հանկարծակի ագրեսիվ է դարձել և հարձակվել վախեցած տեխասցիների վրա: Նրանք փորձել են փախչել և մտել են տան մոտ կայանված մեքենայի մեջ, բայց եղջերուն չի նահանջել և թիկունքից ուժեղ հրել է Ջոզեֆին:
Այդ ժամանակ Ռոուզը մտել է ավտոմեքենայի սրահ, սակայն դուռը բաց է թողել, եղջերուն հետևել է նրան և գողացել է ծխախոտի տուփը: Տղամարդիկ փորձել են վերադարձնել այն, ինչը ավելի է բարկացրել կենդանուն:
Թութուն ծամող կատաղած եղջերուին կարողացել են հանգստացնել միայն անասնաբույժները և ոստիկանները, որոնց հաջողացրել են կանչել վախեցած տեխասցիները: Կենդանուն քնեցրել են, ընդ որում, այդ գործողությանը մասնակցել է 5 մարդ:










































