ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Գազայի հատվածում տիրող ճգնաժամին առնչվող Ռուսաստանի առաջարկած բանաձևի նախագծի քվեարկությունը հետաձգել է՝ կապված Իսրայելի և ՀԱՄԱՍ շարժման միջև կրակի դադարեցման մասին շարունակվող բանակցությունների հետ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով ՄԱԿ-ում Հնդկաստանի մշտական ներկայացուցիչ Հարդիպ Սինգհ Պուրիին:
Պաղեստինյան անկլավում ճգնաժամի կարգավորման բանաձևի նախագիծը ՌԴ-ն առաջարկել էր նոյեմբերի 19-ին: Նրանում, մասնավորապես, պարունակվում է կոչ՝ բռնության անհապաղ դադարեցման պահանջով, ինչպես նաև աջակցություն է արտահայտվում ջանքերին՝ ուղղված ճգնաժամի շուտափույթ կարգավորմանը: Բացի այդ, փաստաթուղթը Իսրայելին և պաղեստինցիներին կոչ է անում առանց հապաղելու վերսկսել ուղիղ բանակցությունները ՝ երկու անկախ պետությունների ստեղծման հիման վրա հակամարտության կարգավորման ուղղությամբ:








































