Անցյալ տարվա ցույցերի զոհերի հիշատակին երեկ Կահիրեում տեղի ունեցած ցույցն ավարտվել է ցուցարարների և ոստիկանության հատուկջոկատայինների միջև բախումներով: Ինչպես հաղորդում է Reuters-ը, անկարգությունների հետևանքով վիրավորվել է շուրջ 60 մարդ:
Բախումները սկսվել են այն բանից հետո, երբ ցուցարարները փորձել են խանգարել ոստիկաններին բետոնե պատնեշներով փակել ՆԳՆ շենք տանող ճանապարհը և սկսել են քարեր նետել ոստիկանների ուղղությամբ:
Իրավապահ մարմինները ձերբակալել են անկարգությունների 19 ամենաակտիվ մասնակիցներին:
Եգիպտոսի վարչապետ Հիշամ Կանդիլը դատապարտել է ցուցարարների գործողությունները՝ նշելով, որ քաղաքացիները բողոքի իրավունք ունեն, սակայն ընդգծել է, որ դա պետք է լինի խաղաղ ցույց՝ առանց ոստիկանների կամ պետական հաստատությունների վրա հարձակումների:
Հիշեցնենք, որ 2011 թ. նոյեմբերին Կահիրեում տեղի ունեցան բազմահազարանոց ցույցեր, որոնց մասնակիցները պահանջում էին իշխանությունը հանձնել քաղաքացիական ղեկավարությանը: Ցույցերը վերածվեցին անկարգությունների, ինչի հետևանքով մի քանի օրվա ընթացքում զոհվեց շուրջ 40 մարդ:









































