Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվեց Համլետ Տոնոյանի և Տիգրան Հովհաննիսյանի գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի` Համլետ Տոնոյանն ու Տիգրան Հովհաննիսյանը 2011 թվականի դեկտեմբերի 23-ին, ժամը 22-ին «Օպել» մակնիշի տաքսիով Երևանյան լճի մոտ էին գնացել, մարմնավաճառներ Կարինեին ու Մարիային ներկայացել էին որպես ԱԱԾ աշխատողներ, նրանց իրավապահներին հանձնելու պատրվակով, ոչ վտանգավոր բռնություն գործադրելով բացահայտ առևանգել էին ու տարել Երևան-Աշտարակ խճուղու վրա գտնվող «Ոսկեպար» հյուրանոց: Կասկածելի իրավիճակում հայտնված, ոչ վտանգավոր բռնության ենթարկված կանայք անհանգստացել էին, ավելի փորձառու Կարինեին հաջողվել էր փախչել: Տոնոյանն ու Հովհաննիսյանը տաքսիով Մարիայի հետ նորից Երևանյան լճի մոտ էին գնացել: Երբ իջել էին մեքենայից, Մարիան այդ մեքենայով արագ հեռացել էր: Իսկ մարմնավաճառ առևանգողները հիմա էլ` արդեն դեկտեմբերի 24-ին, գիշերվա ժամը 2-ին, մեկ այլ մեքենայով, դարձյալ ոչ վտանգավոր բռնություն գործադրելով` իրենց հետ նույն` «Ոսկեպար» հյուրանոց էին տարել մարմնավաճառ Նաիրային: Միայն թե հյուրանոցի մոտ արդեն դարանակալել ու նրանց էին սպասում ոստիկանները, որոնք Համլետ Տոնոյանին ու Տիգրան Հովհաննիսյանին բերման էին ենթարկել ոստիկանություն:
Նախկինում 6-ական անգամ դատապարտված Տոնոյանին ու Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրված մարդ առևանգելու համար` ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով:
Դատական քննության ժամանակ տուժողները, տվյալ դեպքում մարմնավաճառությամբ զբաղվող կանայք պնդել են, որ իրենց, իրոք, բռնությամբ են տարել հյուրանոց, այնտեղ էլ բռնել են, չեն թողել, որ հեռանան, դրա համար էլ Կարինեն, վախենալով հետագա անկանխատեսելի իրադարձություններից, ստիպված է եղել փախչել, առևանգման ու իրենց գտնվելու վայրի մասին հայտնել իրական ոստիկաններին: Միաժամանակ տուժողները հայտնել են, թե չեն բողոքում Համլետ Տոնոյանից ու Տիգրան Հովհաննիսյանից, որևէ պահանջ նրանցից չունեն:
Համլետն ու Տիգրանը իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում: Նրանք պնդում են, թե կանանց չեն առևանգել, վերջիններս իրենց կամքով են մեքենա նստել: Հնարավոր է, որ իրենց պահվածքն այնքան էլ խաղաղ չի եղել, ինչը անհանգստացրել, վախեցրել է կանանց, նրանք անտեղի տեղը վտանգ են զգացել ու փախել:
Համլետ Տոնոյանն իր ցուցմունքում ընդգծեց նաև, թե անչափահասի տեսք ունեցող Մարիային հատուկ էր հյուրանոց հասցրել, որ բացատրական աշխատանք տանի ու փրկի սխալ ճանապարհից: Նա կարող էր նորմալ գործ գտնել աղջկա համար, օգնել, որ աշխատանքի ընդունվի: Բայց կանայք իրենց սխալ էին հասկացել, բարի մտադրությունները չէին կռահել ու իրենց աղմկոտության, ակտիվության պատճառով խուճապի էին մատնվել:
Ըստ ամբաստանյալների` իրավապահներն էլ իրենց նկատմամբ անհարկի խիստ էին եղել ու ավելի ծանր հանցանքի համար մեղադրել` նկատի ունենալով իրենց անցյալը: Բայց նրանք հավաստիացնում էին, թե ուղղվելու ճանապարհին էին ու չկատարած հանցանքի համար պատժվելը բոլորովին չի նպաստի, որ այդ ճանապարհով մինչև վերջ գնան:
Մեղադրողը հակառակ տեսակետին էր: Իր ճառում նա ասաց, թե նախաքննության ընթացքում և դատաքննության ժամանակ լիովին ապացուցվել է ամբաստանյալների մեղքը, նրանց արարքին ճիշտ քրեաիրավական որակում է տրված: Դատախազը միջնորդեց Համլետ Տոնոյանին դատապարտել 6 տարի, իսկ նախորդ պատժից չկրած մաս ունեցող Տիգրան Հովհաննիսյանին`7 տարի ազատազրկման:
Պաշտպանական ճառում 31-ամյա Համլետ Տոնոյանը, որ կազմակերպված ու գրագետ խոսք ուներ, հանգամանորեն ներկայացրեց իր տեսակետը, համաձայն որի`իրենց կատարածը բոլորովին մարդու առևանգում չի եղել, տեղի ունեցածը ամենաշատը կարող էր որպես խուլիգանություն գնահատվել:
32-ամյա Տիգրան Հովհաննիսյանը, լսելով հանցընկերոջ գրագետ ելույթը, ըստ երևույթին ազդվեց ու հայտարարեց, թե ցանկանում է պաշտպան ունենալ, և ժամանակ խնդրեց պաշտպան ներգրավելու համար:
Դատարանը Հովհաննիսյանի միջնորդությունը բավարարեց և նրան հնարավորություն ընձեռեց`փաստաբանի օգնությամբ պաշտպանական ճառին նախապատրաստվելու համար:









































